Վիճակագրության ամբիոնի սեմինարում քննարկվեցին հայաստանյան կրթության հիմնախնդիրները. պաշտոնական վիճակագրություն, փաստեր և առաջարկություններ
Տնտեսագիտական մայր բուհն այսօր ամփոփեց ամբիոնային գիտական սեմինարների շարքը: Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանի, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանի, պրոֆոսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և աշխատակիցների մասնակցությամբ վիճակագրության ամբիոնի գիտնականները ՀՀ կրթության ոլորտի հիմնախնդիրները վերհանող զեկուցումներ կարդացին՝ ներկայացնելով նաև որոշակի առաջարկություններ:
Պրոռեկտորի ողջույնի խոսքից հետո վիճակագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արմեն Քթոյանը ներկայացրեց իրենց գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղվածությունը՝ կրթության ոլորտի հիմնախնդիրներ, հիմնավորեց դրա կարևորությունն ու խոսքը տրամադրեց զեկուցողներին:
Դոցենտ Անուշ Շիրինյանը հանդես եկավ «ՀՀ կրթության ոլորտի ընդհանուր նկարագրություն» զեկուցմամբ, ասպիրանտ Դավիթ Հարությունյանը՝ «Կրթության վերջնարդյունքի գնահատումը գործոնային վերլուծության մեթոդով»:
Ելույթներն ամփոփեց Արմեն Քթոյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով իր «Հայաստանում կրթության բյուջետային ծախսերի գնահատում» գիտական հետազոտության վրա:
Բոլոր զեկուցումներն արժանացան լայն քննարկման, կրթության ոլորտի անմիջական շահառուի դիտանկյունից ներկաները խոսեցին խոցելի սոցիալական շերտերի ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խոչընդոտների, նախադպրոցական կրթության, հանրակրթության ու բարձրագույն կրթության հիմնախնդիրների մասին, նախանշեցին լուծման ուղիներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին