ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը հանդիպեց անցնող տարում մարզական հաջողություններ գրանցած մարզիկներին

Դիտումների քանակ՝ 1763

Հանրապետական, միջբուհական, միջազգային մրցաշարերում ՀՊՏՀ ուսանող-մարզիկների 2019 թ. արձանագրած հաջողությունները այսօր ամփոփեցին համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանն ու ամբիոնի դասախոսները: ՀՊՏՀ ղեկավարը այս ուսումնական կիսամյակում միշտ հետևել և իր անմիջական մասնակցությամբ քաջալերել է տարբեր առաջնությունների մասնակից ՀՊՏՀ ուսանող-մարզիկներին, իսկ այսօր էլ նրանց հրավիրել էր հանդիպման՝ դրվատանքի և երախտիքի խոսք ասելու:

«Հպարտ եմ, որ դուք, սովորելուն զուգահեռ, կարևորում եք սպորտով զբաղվելը, առողջ ապրելակերպը, և ձեր շնորհիվ մենք հաջողություններ ենք արձանագրում նաև սպորտում: Շնորհակալ եմ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսներին, ղեկավարին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր մարզիկներին առաջնություններին նախապատրաստելու գործում»,- ասաց Դիանա Գալոյանը և նշեց, որ նոր տարում ևս ՀՊՏՀ-ում մարզական կյանքը հագեցած կլինի. նախատեսվում են մի շարք նոր միջոցառումներ:

Հովհաննես Գաբրիելյանը ռեկտորի պաշտոնակատարին ներկայացրեց 2019 թ. ընթացքում միջբուհական առաջնություններում ՀՊՏՀ զբաղեցրած մրցանակային տեղերը, ինչպես նաև պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող ՀՊՏՀ ուսանողների միջազգային հաջողությունները: Այսպիսով, տարեսկզբից ի վեր, ողջ տարվա ընթացքում ՀՊՏՀ-ականները մասնակցել են 3 խոշոր միջբուհական առաջնությունների՝ ՈւՆԻՎԵՐՍԻԱԴԱ մարզամշակութային փառատոնին, ՀՀ բուհերի ուսանողների 20-րդ հանրապետական մարզական խաղերին և ՀՀ ԿԳՄՍՆ կազմակերպած հանրապետական խաղերին: Ընդհանուր առմամբ, ՀՊՏՀ-ականները տարվա ընթացքում մասնակցել են 20 միջբուհական առաջնությունների: Ընդ որում, նշված առաջնություններից 2-ում ՀՊՏՀ ֆուտզալի թիմը չեմպիոն է դարձել: 20-րդ խաղերի ընդհանուր արդյունքով ՀՊՏՀ-ն զբաղեցրել է 3-րդ տեղը: ԿԳՄՍՆ կազմակերպած խաղերի արդյունքով մեր բուհը 4-րդն է:

Դիանա Գալոյանը մարզիկներին կոչ արեց շարունակել հաղթարշավը, լինել նպատակասլաց ու աշխատասեր: Բուհի մարզասեր  ղեկավարը  նրանց խոստացավ նաև խրախուսական մրցանակներ: Հանդիպման ավարտին մարզիկները լուսանկարվեցին ռեկտորի պաշտոնակատարի հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասրակայանության հետ կապերի բաժին