ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկեց Soft Skills Journey անվճար դասընթացը

26.03.2024
Դիտումների քանակ՝ 727

Մարտի 26-ին ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկեց Soft Skills Journey անվճար երկամսյա դասընթացը, որի նպատակն է օգնել երիտասարդ մասնագետներին արձանագրել կարիերայի թռիչքային աճ՝ հիմնված կարողությունների ու փափուկ հմտությունների վրա:

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, Change Lab-ի ղեկավար Արտակ Ասլանյանը, դասընթացի խոսնակները։

Արմեն Գրիգորյանը ողջունեց դասընթացի մասնակիցներին՝ նշելով․ «Ուրախ եմ, որ մեր համալսարանը այն սակավաթիվ բուհերից է, որոնք մշտապես մեծ ուշադրություն են դարձնում փափուկ հմտությունների կուտակմանը ոչ միայն ակադեմիական կրթական ծրագրի շրջանակում, այլև նմանատիպ նախաձեռնությունների միջոցով, որոնց ընթացքում գտնում են փայլուն գործընկերներ՝ միշտ պատրաստ կիսելու իրենց գիտելիքն ու փորձը»։

Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագետի մրցունակության հիմքում կարևոր տեղ ունեն փափուկ հմտությունները, ապա հավելեց, որ նման նախաձեռնություններն արդյունավետ են նաև մարդկային և մասնագիտական կապերի ստեղծման առումով․ «Վստահ եմ, որ մենք հաջողելու ենք այս նախագծում, բարի երթ ու արգասաբեր ճանապարհորդություն եմ մաղթում բոլորիդ»։

Հաջորդիվ Արտակ Ասլանյանը մասնակիցներին ծանոթացրեց ՀՊՏՀ Change Lab-ի գործունեությանը, իրականացված նախագծերին և նպատակներին։

Փափուկ հմտությունների կարևորության, աշխատաշուկայում առկա պահանջների և այլ կարևոր թեմաների շուրջ ելույթ ունեցան դասընթացի բանախոսներ Նարե Սարգսյանը, Կարեն Սարգսյանը, Արսեն Շամիլյանը, Քրիստինե Ասատրյանը և Հակոբ Մակդիսը։ Soft Skills Journey անվճար երկամսյա դասընթացը կկայանա յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 15։30-ին, ՀՊՏՀ Change Lab-ում։

Միջոցառման մյուս նկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։