ՀՊՏՀ անվանական կրթաթոշակակիր Սոնա Ոսկանյան. հաշվապահությունը պահանջված մասնագիտություն է, ՀՊՏՀ-ն՝ մրցունակ բուհ
Սիրելի' ընթերցող, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է դիմանկարային հարցազրույցների շարք, որի հերոսները 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակակիրներն են: Նրանք կխոսեն ուսանող լինելու, լավ սովորելու, համալսարանական տարիները մասնագիտանալուն, անձնական աճին լիարժեք ծառայեցնելու մասին: Մեր առաջին հերոսը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, Կարպիս Կարագյանի անվան կրթաթոշակակիր Սոնա Ոսկանյանն է:
Նախքան Սոնայի հետ հարցազրույցն սկսելը, նրա հետ կապված մի դիպված հիշեցինք: Գրեթե 4 տարի առաջ «Տնտեսագետ» ամսագրի համար լսարանային հարցում էինք իրականացնում և եղանք հենց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսում, որտեղ և Սոնան էր սովորում: Դեկտեմբեր ամիսն էր, հարցման թեման՝ Ամանոր, նորի սպասումներ, հույզեր...Երբ հարցերը ներկայացրեցինք և պատրաստվում էինք հարցաթերթիկները բաժանել, ուսանողներից մեկը ժպտալով ասաց. «Հաստատ, ամենալավ պատասխանը Սոնան է գրելու»: Հետագայում արդեն շատ ու շատ առիթներ ունեցանք նրա հետ զրուցելու, ավելի շատ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի կազմակերպած աշխատաժողովների, միջոցառումների վերաբերյալ: Սոնան հանձնաժողովի նախագահն էր: Դե, իսկ այս հարցազրույցի առիթը, սիրելի ընթերցող, վերևում նշեցինք:
-Սոնա, որքա՞ն ժամանակ է՝ ՀՊՏՀ անվանական կրթաթոշակակիրներից ես:
-Արդեն 2-րդ տարին անընդմեջ (4 ուսումնական կիսամյակ) Կարպիս Կարագյանի անվան կրթաթոշակ եմ ստանում:
- Երկու ամիս անց կավարտես համալսարանը: Հետադարձ հայացքով անցնող 4 տարիները ինչպե՞ս կգնահատես:
-Նախ ասեմ, որ այդ տարիները աննկարագրելի արագ անցան. այնքա՜ն հագեցած, բովանդակային էր ամեն ինչ, չհասցրեցի նկատել...Եթե արժևորեմ դրանք, միայն ու միայն ժպիտով կխոսեմ ձեռքբերումներիս մասին: Դեռ առաջին կուրսից սովորել եմ այն համոզմունքով, որ եթե ընտրել եմ մասնագիտություն և ուսանող եմ, ապա պետք է պատվով կատարեմ առաքելությունս, քաղեմ հնարավորինս շատ գիտելիք մասնագիտությանս մասին, դառնամ հասարակության ակտիվ անդամ: Ուսումնառությանս զուգահեռ անդամակցեցի ուսանողական խորհրդին, մասնակցեցի տարբեր նախաձեռնությունների, կամավորական ծրագրերի, կոփեցի շարունակական զարգացման կամք: Հասարակական աշխատանքը լրացնում էր ուսումնական կյանքս: Դե իսկ ամենակարևորը՝ մասնագիտական գիտելիքները զարգացրի սիրելի դասախոսներիս անգնահատելի ու անուրանալի ջանքերի շնորհիվ: Ամփոփ մի բան կասեմ՝ հետ նայելիս վայրկյան անգամ չեմ զղջացել ո'չ բուհի, ո'չ էլ մասնագիտությանս ընտրության հարցում, որովհետև հաշվապահությունը պահանջված մասնագիտություն է, ՀՊՏՀ-ն՝ մրցունակ բուհ. ես էլ ամեն կերպ փորձել եմ լավ ուսանող լինել:
-Թույլ տուր նկատել, որ դա քեզ, իրավամբ, հաջողվել է:
-Շնորհակալ եմ, դե ամեն դեպքում հաջողվեց բոլոր տարիներին գերազանց առաջադիմություն ցուցաբերել, հանրագումարային միջին որակական գնահատականս 99 է, Կարմիր դիպլոմի հավակնորդ եմ:
-Ի՞նչ թեմայով է ավարտական (դիպլոմային) աշխատանքդ: Որտե՞ղ ես պատրաստվում աշխատել:
-Ուսումնասիրում եմ «Շահութահարկի հարկման բազայի բաղադրիչների հաշվառման կարգը» թեման, այժմ փորձառություն եմ անցնում «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղում, որը զբաղվում է ավտոճանապարհների վերակառուցման աշխատանքներով: Բավականին հետաքրքրիր է անցնում ամեն ինչ, հնարավոր է՝ հենց այստեղից էլ աշխատանքի առաջարկ ստանամ և ընդունեմ (ծիծաղում է,-հեղ.):
-Իսկ տեսական հաշվապահությունից գործնականին անցումը հե՞շտ էր:
-Միանշանակ գործնական դաշտն ուրիշ է: Բայց նաև պետք է նշել, որ բուհում կուտակել ենք այնպիսի ուժեղ հիմք, որի վրա էլ որպես նորաթուխ մասնագետներ ձևավորում ենք մեր գործնական հմտությունները. առանց այդ հիմքի հնարավոր չէր լինի:
- Մագիստրատուրայում սովորելո՞ւ ես:
-Անկեղծ ասած՝ դեռ չեմ որոշել, կախված է հանգամանքներից: Այս պահին ավելի շատ մտածում եմ ավարտական աշխատանքս հաջող պաշտպանելու, այնուհետև որպես մասնագետ աշխատելու մասին: Բայց մի բան կասեմ՝ ողջունելի է, որ մեր բուհը գնում է զարգացման ճանապարհով, այսինքն, եթե համեմատելու լինենք՝ 4 տարի առաջ և հիմա՝ միանշանակ շատ բան է փոխվել և փոխվում դեպի լավը՝ որակի առումով: Սա էլ է ինձ ոգևորում և այս պատճառով է նաև, որ հարազատներիս խորհուրդ կտամ կրթություն ստանալ ՀՊՏՀ-ում:
-Ի՞նչ խոսք ունես ասելու ուսանողներին:
-Կասեմ, որ եռանդով սովորեն և, անկասկած, կքաղեն դրա բարի պտուղները:
-Շնորհակալ ենք, Սոնա, և քեզ բարի՛ երթ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին