Ի խոնարհումն ազգային մաքրամաքուր երգարվեստի. երաժշտական ցերեկույթը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին

Դիտումների քանակ՝ 2090

Այս տարի նշվում է հայոց ազգային երգի մեծ երախտավոր, հայ երգահան, երգիչ, երաժշտական ազգագրագետ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Սողոմոն Գևորգի Սողոմոնյանի՝ բոլորիս քաջածանոթ Կոմիտասի 150-ամյակը: Համազգային նշանակության այս մշակութային առիթը Հայաստանում և Սփյուռքում նշանավորվում է բազմապիսի միջոցառումներով: Այս իրադարձությունից անմասն չէ նաև Տնտեսագիտական մայր բուհը:

Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Հեղինե Հախնազարյանի նախաձեռնությամբ ու գեղարվեստական ղեկավարմամբ այսօր բուհում տեղի ունեցավ Մեծ վարդապետի դերն ու գործն արժևորող մի անզուգական երաժշտական ցերեկույթ՝ պարուրված կոմիտասյան երգի խորախորհուրդ ու փշաքաղեցնող ելևէջներով: Որպես երաժիշտ-կատարողներ հրավիրված էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհաշատ սաներ Շուշան Կրպոյանը (վոկալ), Վահագն Վարդանյանը (դաշնամուր), Անի Նազարյանը (քանոն), Անուշ Միրզախանյանը (կիթառ), Սուրեն Գասպարյանը (ջութակ), Արսեն Զաքարյանը (վոկալ): Ունկնդրում էին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի արվեստասեր ներկայացուցիչները, աշխատակիցներն ու ուսանողները:

Միջոցառման հեղինակը բացումն ազդարարեց Կոմիտասի ազգանվեր գործունեության արժեքավոր դրվագները նկարագրող պատմությունների մեկնությամբ, ապա մասնակիցները, երաժիշտ-հյուրերի փայլուն կատարմամբ, ըմբոշխնեցին ազգային անաղարտ երգը՝ «Կռունկ», «Ես սիրեցի», «Մայրիներ ու նոճիներ», «Չինար ես», «Ծիծեռնակ», «Նազան յար», «Տեր ողորմեա», դաշնամուրային պարերի շարք… Գտնել, մշակել, կյանք տալ ու քարոզել, մեկ խոսքով՝ մոռացությունից փրկել ազգային երաժշտությունը, հայ գեղջուկի հոգու և սրտի' երգը. սա էր Մեծ վարդապետի սրբազան առաքելությունը, որն անխոս, պիտի գնահատեն ու իմաստավորեն հայի բոլոր սերունդները՝ պահել-պահպանելով, մատաղ սերնդին խնամքով փոխանցելով ու ճանաչելի դարձնելով հա'յ երգը, հա'յի երգը, ճշմարի'տ ու բովանդա'կ երգը:

Մշակութային մթնոլորտում այսօր իրեն հատուկ հուզականությամբ ծփում էր կոմիտասյան երգի ներշնչող ոգին: Միջոցառումն, անշուշտ, ՀՊՏՀ մշակութասերների օրը լրացրեց մեծ պատգամով՝ ազգային իրական երգ-երաժշտությունը կարևորելու և հռչակելու առաքելության գիտակցումով, առաքելություն, որ հայ մարդունն է, իմն ու քոնը, ամենքինս…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին