Ամրագրվեց համատեղ գործունեության ևս մեկ ուղղություն՝ ի նպաստ ուսանողի կրթության և առաջխաղացման

02.11.2023
Դիտումների քանակ՝ 710

Կարևորելով գործընկերության դերը՝ ի նպաստ ուսանողների գործունակության և գործնական հմտությունների զարգացման՝ այսօր Տնտեսագիտական համալսարանում հուշագիր կնքվեց ՀՊՏՀ-ի և «ԿՈՐԻԶ-Մ» ՍՊԸ-ի միջև։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ընկերության զարգացման գծով տնօրեն Դավիթ Ղարիբյանը, ստորագրելով հուշագիրը, շարունակում են համալսարան-գործատու կապի սերտացման գործընթացը։

Ողջունելով ընկերության ներկայացուցիչների մուտքը ՀՊՏՀ՝ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց․«Վերջին մի քանի տարիներին մեր համալսարանը հուշագրեր է կնքել շուրջ 200 գործատուների հետ, և գլխավոր նպատակը ուսանողին գործնական կարողությունների փոխանցումն է։ Ձեզ հետ համագործակցությունը հատկապես կարևորում եմ «Մարքեթինգ» մասնագիտության գծով, որը ոչ միայն մեր բուհի, այլև հանրապետության մրցունակ մասնագիտություններից է։ Վստահ եմ՝ բուհի մարքեթինգի ամբիոնի, որտեղ աշխատում են լավագույն տեսաբան-մասնագետները, և դեկանատի հետ համատեղ կունենանք արդյունավետ համագործակցություն»։ Ռեկտորը շեշտադրեց ընկերությունում փորձառության կազմակերպման կարևորությունը, որ այն ձևական բնույթ չկրի, այլ լինի բովանդակային։

Դավիթ Ղարիբյանը վստահություն հայտնեց, որ մեկնարկող համագործակցությունը և΄ կարճաժամկետ, և΄ երկարաժամկետ կտրվածքով իր արդյունքը կտա․ «Մենք կարևորում ենք մարքեթինգի գծով տեսական գիտելիքով զինված ուսանողներին ընդգրկելն ու գործնական միջավայրում անհրաժեշտ հմտություններ փոխանցելը, որպեսզի նրանք դառնան ոլորտի գիտակ և փորձով զինված աշխատակիցներ»։ Նա տեղեկացրեց, որ իրենց ընկերության առաջատար մարքեթինգի մասնագետներից մեկը ՀՊՏՀ շրջանավարտ է։ «Մեր թիմը դինամիկ մեծանում է, և մեզ որակյալ մասնագետներ են անհրաժեշտ։ Հաճախ CV-ն, հարցազրույցը լիարժեք պատկերացում չեն փոխանցում մարդու կարողությունների վերաբերյալ, ուստի համագործակցության ձևաչափում մեզ համար կլուծվի նաև կադրերի ընտրության խնդիրը»,- ասաց ընկերության զարգացման գծով տնօրենը։

Դիանա Գալոյանն առաջարկեց, որպես այս խնդրում փորձված և արդյունավետ մոտեցում, ներկա գտնվել ՀՊՏՀ-ում ավարտական աշխատանքների պաշտպանություններին, որոնց ընթացքում շրջանավարտի գիտելիքն ու կարողունակություններն ավելի համակողմանի են դրսևորվում։

Հավելենք՝ այսօր վավերացված հուշագրով նախատեսվում է կրթական նոր ծրագրերի համատեղ մշակում, փորձառություն, բաց դասեր, սեմինարներ, քննարկումներ, հրատարակություններ։ Լավագույն ուսանողների համար ընկերությունը նախատեսում է աջակցության և խրախուսման գործիքակազմեր, մասնագիտական առաջխաղացման ծրագրեր։