ՀՊՏՀ ուսանողական փրկարարական ջոկատը ձեռք է բերում պատրաստականություն

12.04.2024
Դիտումների քանակ՝ 485

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի որոշումը Երևան քաղաքի բուհերում հասարակական ուսանողական փրկարարական կազմավորումներ ստեղծելու մասին և ՀՊՏՀ ռեկտորի համապատասխան հրամանը՝ բուհում ստեղծվել է հասարակական ուսանողական փրկարարական ջոկատ (50 հոգի, բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողներ), որի ղեկավարն է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը։

Ջոկատի անդամներին համապատասխան գիտելիքով և հմտություններով զինելու, բարձր պատրաստականությամբ օժտելու նպատակով ապրիլի 11-ին բուհում կազմակերպվեց առաջին դասը, որին բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դոցենտ, համալսարանի քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը։ Նա կարևորեց ջոկատի նշանակվածությունը և դասընթացների ու վարժանքների միջոցով բարձր պատրաստականության անհրաժեշտությունը, այնուհետև խոսքը տրամադրեց ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի  փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Գարեգին Հակոբյանին։ Վերջինս բանախոսեց «Հայաստանի Հանրապետության հայեցակարգը ՀՀ տարածքում հասարակական կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման վերաբերյալ» թեմայով։

asue.am-ի հետ զրույցում Գարեգին Հակոբյանը նշեց, որ տեսական դասընթացներին հաջորդելու է գործնական փուլը, որի ընթացքում Երևան քաղաքի տարբեր օբյեկտներում (բուհ, դպրոց, մանկապարտեզ, առևտրի կենտրոն և այլն) անցկացվելու են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ։