ՀՀ 23-րդ ուսանողական մարզական խաղերն ավարտվեցին

01.12.2022
Դիտումների քանակ՝ 1024

Տարվա գլխավոր մարզական միջոցառմանը՝ ՀՀ 23-րդ ուսանողական մարզական խաղերին, ՀՊՏՀ ուսանողներն ապահովեցին մասնակցության բարձր մակարդակ։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանից տեղեկացանք, որ խաղերի ընթացքում 13 մարզաձևերից անցկացվել է 15 առաջնություն։ Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել են 20 բուհերի շուրջ 1500 ուսանող մարզիկներ։

Գեղեցիկ ու լարված մրցելույթներով ՀՊՏՀ ուսանողները լավագույնս աչքի են ընկել հրաձգության, բազկամարտի, սեղանի թենիսի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի, բասկետբոլի, 3×3 բասկետբոլի և ֆուտզալի առաջնություններում։ Ֆուտզալի համալսարանական լիգայում «ՀՊՏՀ Երևանը» հասել է եզրափակիչ՝ 4։3 հաշվով զիջելով միայն Երևանի պետական բժշկական համալսարանի թիմին և մրցաշարային աղյուսակում գրավելով 2-րդ հորիզոնականը։

Ուսանողական մարզական խաղերի վերջնական արդյունքները կհայտարարվեն Ուսանողական մարզական ֆեդերացիայի տարեվերջյան մարզական միջոցառման ժամանակ։ Մեր ուսանողները, Հովհաննես Գաբրիելյանի փոխանցմամբ, հավակնում են ընդհանուր թիմային հաշվարկով արժանի տեղ զբաղեցնել լավագույնների շարքում։