«ՀՊՏՀ-ն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթի հաղթողները պարգևատրվեցին ՀՊՏՀ բրենդային նվերներով

30.11.2022
Դիտումների քանակ՝ 1736

Ահա և ավարտվեց «ՀՊՏՀ-ն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթը։ Ինչպես և ակնկալում էինք, ավելի քան մեկ ամիս այն ուղեկցվեց մեծ խանդավառությամբ և կազմակերպչական «հաճելի հոգսերով»։

Այսօր հայտարարում ենք մրցույթի հաղթողների՝ այն երեք մասնակիցների անունները, որոնց լուսանկարներն ամենամեծ թվով հավանումների (լայքերի) են արժանացել (հավանումների քանակն արտացոլում է նոյեմբերի 28-ի, ժամը 17․30-ի դրությամբ առկա պատկերը)։

Եվ այսպես, հաղթող է ճանաչվում «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մասնագիտության մագիստրանտ Հասմիկ Ֆռանգյանի լուսանկարը (501 հավանում): Երկրորդ հորիզոնականում «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Մաթևոսյանի լուսանկարն է (457 հավանում), երրորդում՝ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ելենա Բախշյանի լուսանկարը (405 հավանում)։

Ըստ հավանումների լավագույնը ճանաչված լուսանկարների հեղինակներին շնորհավորեց և մրցանակներ հանձնեց ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը։ Ի դեպ, առաջին մրցանակակրի համար բաժինն անակնկալ է պատրաստել․ մրցույթի մասնակից Հասմիկ Ֆռանգյանի լուսանկարը վաղվանից կտեղադրվի բուհի ֆեյսբուքյան էջում՝ որպես հետնանկար։

Շնորհակալ ենք մրցույթի բոլոր մասնակիցներին՝ նրանց, ովքեր չզլացան ու բուհական միջավայրն արտացոլող իրենց հեղինակային լուսանկարներն ուղարկեցին մեզ, նաև նրանց, ովքեր ակտիվորեն քվեարկեցին իրենց նախընտրած լուսանկարների օգտին։

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք բարի երթ, լուսանկարչական ստեղծարար գաղափարներ և դրանց իրագործում։