Ազդարարվեց «ՀՊՏՀ ուսանողական գարուն–2024» մարզամշակութային փառատոնի բացումը

09.04.2024
Դիտումների քանակ՝ 570

Ապրիլի 9-ին Տնտեսագիտական համալսարանում կայացավ ավանդույթ դարձած և սպորտային, ինտելեկտուալ, մշակութային խաղերի շուրջ հարյուրավոր ուսանողների համախմբող «ՀՊՏՀ ուսանողական գարուն–2024» մարզամշակութային փառատոնի պաշտոնական բացման արարողությունը։ Փառատոնի ընթացքում շուրջ մեկ ամիս համալսարանի բոլոր 6 ֆակուլտետները և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը մրցում են լավագույնի կոչմանն արժանանալու համար։

Բացման արարողությանը ներկա էր ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը: Ողջունելով փառատոնի շարունակական կազմակերպումը՝ բուհի ղեկավարը կարևորեց ուսանողների համախմբումն ու առողջ մրցակցության պայմաններում տարբեր նախաձեռնությունների շուրջ պայքարը։ «Ըստ էության, կարևոր չէ, թե ովքեր են հաղթողները․ արդար և ազատ մրցակցության մեջ պարտված թիմը նույնպես հաղթող է, և այս մրցումներում էլ թող ազատ և արդար մրցակցության մեջ հաղթի ուժեղագույնը»,-ընդգծեց Արմեն Գրիգորյանը՝ պաշտոնապես ազդարարելով փառատոնի բացումը։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսական կազմը՝ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանի գլխավորությամբ․ ամբիոնն իր մեծ ներդրումն ունի «ՀՊՏՀ ուսանողական գարուն-2024» մարզական խաղերի կազմակերպչական աշխատանքներում։ Փառատոնի մասնակիցներին ողջունեց նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Լիլիթ Գևորգյանը։ «ՀՊՏՀ ուսանողական գարուն-2024» մարզամշակութային փառատոնի շրջանակներում արդեն իսկ կայացել են գրեթե բոլոր մարզական խաղերը՝ բոլոր սպորտաձևերից։ Առաջիկա օրերին ուսանողները կմրցեն ինտելեկտուալ մրցույթներում։ Փառատոնը կեզրափակվի ավանդական մշակութային գալահամերգով, որի ավարտին կհնչի լավագույն ֆակուլտետի անունը։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում