Հավաստագրեր հանձնվեցին «Դասավանդման մեթոդաբանություն» և «Գործարար անգլերեն» դասընթացների մասնակիցներին

18.09.2023
Դիտումների քանակ՝ 986

«Դասավանդման մեթոդաբանություն» և «Բիզնես անգլերեն» դասընթացները, նախատեսված համալսարանի դասախոսների և աշխատակիցների համար, ամփոփված են։ Դրանք հաջողությամբ ավարտած ավելի քան վեց տասնյակ մասնակիցներին սեպտեմբերի 15-ին, շնորհվեցին հավաստագրեր։

Հուլիսի 6-13-ն անցկացված «Դասավանդման մեթոդաբանություն» կարճաժամկետ դասընթացը (42 մասնակից), վարել է հրավիրյալ դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բեքարյանը։

Ապրիլի 11-ից հունիսի 30-ը կայացած «Գործարար անգլերենի» եռամսյա դասընթացը (22 մասնակից) վարել են ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ասիստենտներ Լիլիթ Ավդալյանը, Լիլիթ Ղազարյանը, Հասմիկ Չալոյանը և հրավիրյալ դասախոս Արուսյակ Հարությունյանը։

Շնորհավորելով մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը վստահություն հայտնեց, որ դասընթացները ծառայել են նոր գիտելիքի ձեռք բերմանն ու լեզվական հմտությունների կատարելագործմանը։

«Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, որտեղ մեր փոխարեն սկսել է մտածել արհեստական բանականությունը, բնական է, որ մշտապես առաջանում է վերապատրաստումների կարիք, և մենք մեր ուժերի սահմաններում փորձում ենք դասախոսներին ներգրավել վերապատրաստման գործընթացներում»,- ասաց Դիանա Գալոյանը։

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանն ու դասավանդողներին՝ հանդես գալով առաջարկություններով։

Հավաստագրերի հանձնման արարողությունը նշանավորվեց ռեկտորի, արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների և դասընթացների մասնակիցների խմբային լուսանկարով։