Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անվան երախտագիտության և հարգանքի կրթամրցանակ՝ ՀՊՏՀ ուսանողներին

15.09.2023
Դիտումների քանակ՝ 1574

Մեր համալսարանի ուսանողներին այսուհետ յուրաքանչյուր տարի հնարավորություն կընձեռվի առաջադրվելու ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, 2020 թ․ 44-օրյա պատերազմի նահատակ Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված կրթամրցանակին։

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունեց հերոսի մայրիկին՝ Սուսաննա Գրիգորյանին և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանին, որոնց հետևողական ջանքերով այս կրթամրցանակը իրականություն դարձավ։ Այն սահմանվելու է «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» գիտակրթական ծրագրի շրջանակում։

Հանդիպումը նախաձեռնել էր ՀՊՏՀ ռեկտորի՝ ուսանողների հետ աշխատանքների գծով խորհրդական Լիլիթ Դադայանը։

«Արցախի հերոս» բարձր կոչմանը ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանը արժանացել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թ․ հոկտեմբերի 4-ին (44-օրյա պատերազմի 8-րդ օրը)։ Կոչումը ստանալու պահին Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում նա արդեն խոցել էր հակառակորդի 15 տանկ և 1 միավոր հետևակային մարտական մեքենա։ Հետագայում դրանց թիվն ավելացել է։

Դավիթ Գրիգորյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։

«Կրթական ծրագրերը մեր գործունեության կարևորագույն ուղղություններից են, և մեզ համար շատ կարևոր է, որ մրցանակակիրներն աչքի ընկնեն իրենց կրթական կենսագրությամբ»,- ռեկտորի հետ հանդիպմանն ասաց Արմինե Պետրոսյանը։ Վերջինս խոստովանեց՝ իր համար հայտնություն էր ՀՊՏՀ-ում «Արցախի պատ» տեսնելը, առանձնակի ուրախություն՝ Դավիթ Գրիգորյանի անվան լսարանի մասին տեղեկանալը։

Տիկին Սուսաննայի հետ հիմնադրամը վաղուց է համագործակցում, և այսօր վերջապես իրականություն դարձավ հերոսի մոր փափագը՝ որդու անունից խրախուսելու հարազատ բուհի ուսանողներին։ «Թշնամուն միայն զենքով չէ, որ պետք է հաղթել, թշնամուն կարելի է հաղթել նաև գիտելիքով»․ որդու խոսքերը հիշեց Սուսաննա Գրիգորյանը՝ ավելացնելով․ «ՀՊՏՀ-ն մեծ դեր է ունեցել Դավթի կյանքում, նա գիշեր-ցերեկ պարապել է, որ դառնա այս բուհի ուսանող։ Սա իմ ընտանիքի երազած միջավայրն է»։

Ողջունելով նախաձեռնությունը՝ ռեկտոր Դիանա Գալոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց հերոսի մորը։ «Շնորհակալ եմ, որ այսչափ գնահատում եք բուհի դերը Դավթի կյանքում։ Մեզ համար դա կարևոր ու պարտավորեցնող է։ Զոհված ուսանողների հիշատակը վառ պահելու առաքելությունը մշտապես ՀՊՏՀ ուշադրության կենտրոնում է, մեր հերոսներն ապրում են մեր սրտերում և առաջնորդում մեզ մեր նախաձեռնություններում»,- ասաց ռեկտորը։

Իր խոսքում Լիլիթ Դադայանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմում համալսարանը կորցրել է իր 28 ուսանողներին․ «Տղաներից յուրաքանչյուրը մի հերոսապատում կերտած մարտիկ է, ում անցած ճանապարհը հայրենասիրության ու խիզախումի կենդանի դաս պիտի լինի գալիք սերունդների համար։ Այս նախաձեռնությունը ևս դրան է միտված, և երիտասարդության շրջանում վստահաբար հայրենասիրական դաստիարակության խթան կհանդիսանա»:

Նշենք, որ կրթամրցանակը ուսանողներին կշնորհվի մրցութային կարգով՝ տարեկան մեկ անգամ։ 300 000 ՀՀ դրամի չափով սահմանված մրցանակը կհատկացվի այն ուսանողներին, որոնք առավելագույնս կհամապատասխանեն չափանիշներին՝ գերազանց և լավ առաջադիմություն, նորարար գաղափարներ, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ և այլն։

Դավիթ Գրիգորյանի անվան կրթամրցանակի հայտերի ընդունման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում կտեղադրվի ՀՊՏՀ պաշտոնական կայքում։ Բակալավրիատի 2-րդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի սովորողների շրջանում կհայտարարվի համաբուհական մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն մինչև տարեվերջ։