Հայոց բանակը 30 տարեկան է

28.01.2022
Դիտումների քանակ՝ 2897

Հայաստանի անկախության հետ ծնունդ առած Հայոց բանակը երկրի համար բարդագույն ժամանակաշրջանում՝ 1992 թվականին, դարձավ մեր պետականության փառավոր նվաճումներից մեկը։ Արցախյան առաջին պատերազմում թշնամու դեմ կռվող փոքրաթիվ կամավորական ջոկատներից կարճ ժամանակում կանոնավոր ու մարտունակ բանակի վերածված հայկական զինված ուժերն այսօր տոնում են կազմավորման 30-ամյակը։

Իր գոյության կարևորությունը հայկական բանակը բազմաթիվ փառահեղ գործողություններով է հաստատել։ Իսկ Արցախյան երկու պատերազմները ցույց տվեցին, որ թշնամու դեմ կռվում մեր զինվորների տոկունությունն ու մինչև վերջ պայքարելու քաջարի կորովը հայրենասիրության և բարձր գիտակցության արդյունք են, ուժի և մարտունակության վկայություն։ Մեր քաջորդիները մշտարթուն պաշտպանում են երկրի սահմանները՝ ապահովելով հայ ժողովրդի խաղաղ կեցությունը։

Հայրենիքի պաշտպանության ուժերը համալրել ու շարունակում են համալրել նաև բազում ՀՊՏՀ ուսանողներ, շրջանավարտներ, որոնք մշտապես փայլել են անհատական քաջության, մարտ վարելու, դժվար պայմաններում ճիշտ կողմնորոշվելու և հակառակորդին անկասելի հարվածներ հասցնելու վառ օրինակներով։ Ցավոք, դաժան մարտերում ունեցել ենք նաև ծանր կորուստներ. մեր դյուցազուններից շատերը հավերժական փառքով են պսակվել ու անցել անմահության գիրկը, շատերն էլ, ծանր մարտերում վիրավորված, վերադարձել են և հիմա մեր կողքին են: Հայրենիքը երբեք չի մոռանա իր քաջերին, մերօրյա Վարդաններին։ Դո՛ւք պետք է լինեք հայրենիքի փայլուն պատմություն կերտողները, ձեզնո՛վ պետք է կրկին լուսավորվի ու փառավորվի հայ ժողովուրդը։

Ապրե՛նք արժանապատիվ, ապրենք՝ մշտապես երախտապարտ լինելով մեր խիզախ զինվորներին, ապրենք այնպես, որ մեր հերոսների հոգին խաղաղվի երկնքում, ապրենք հավատով, որ մեր բազմաչարչար ազգի գարունը դեռ առջևում է։

Փառք ու պատիվ մեր ԲԱՆԱԿԻՆ: