Նոր համագործակցություն՝ միտված համալսարան-բիզնես միջավայր ինտեգրմանը

31.01.2022
Դիտումների քանակ՝ 1061

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և Առաջին Բիզնես Դպրոցի տնօրեն Ծովինար Սարգսյանն այսօր՝ հունվարի 31-ին, հուշագիր ստորագրեցին, որը միտված է բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, ուսանողների մասնագիտացմանը, պրակտիկ փորձի հարստացմանը, մասնավորապես՝ որակյալ և մրցունակ աշխատանքային ռեսուրսների ձևավորմանը և աշխատաշուկայում հաստատվելու նպատակների իրագործմանը:

Հուշագրով սահմանվում է նաև, որ Տնտեսագիտական համալսարանն ու Առաջին Բիզնես Դպրոցը միասին կարող են իրականացնել միջազգային համագործակցային ծրագրեր, այդ թվում՝ համատեղ վերապատրաստման դասընթացների և արտասահմանում ուսանողների փորձառությունների կազմակերպման ուղղություններով։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշեց, որ Տնտեսագիտական բուհը բաց է համագործակցության յուրաքանչյուր առաջարկ քննարկելու և կյանքի կոչելու համար։ ՀՊՏՀ ռեկտորը համոզված է՝ համագործակցությունը կնպաստի ուսանողների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը։

Ծովինար Սարգսյանն իր հերթին նշեց, որ կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունը համալսարան-բիզնես միջավայր ինտեգրումն է։

«Առանձնակի հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր այստեղ եմ ոչ միայն որպես Բիզնես Դպրոցի ներկայացուցիչ, այլև ՀՊՏՀ շրջանավարտ։ Սա ինձ պարտավորեցնում է առավելագույնն անել՝ ՀՊՏՀ շրջանավարտներին բուհի զարգացման գործընթացներին ինտեգրելու ուղղությամբ»,- ասաց Ծովինար Սարգսյանը։

Նա հավելեց, որ Առաջին Բիզնես Դպրոցն ունի համագործակցության ընդգրկուն շրջանակ 150-ից ավելի տեղական ընկերությունների հետ և կարող է համագործակցային հեռանկարների ուղենշման ընդհանուր հարթակ դառնալ ՀՊՏՀ-ի և բիզնես միջավայրում գործող խոշոր կազմակերպությունների միջև։