Տնտեսագիտական էսսեների մրցույթը ՀՊՏՀ-ում էր համախմբել հանրապետության գրեթե բոլոր մարզերի ապագա տնտեսագետներին

11.03.2022
Դիտումների քանակ՝ 1679

Գեղարքունիքի մարզի Արտանիշի միջնակարգ դպրոցի միակ 12-րդ դասարանցի Աննա Ղարիբյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջին անգամ է։ Աննան այստեղ է՝ մասնակցելու ՀՊՏՀ-ի հայտարարած տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթին։ Տնտեսագիտական մայր կրթօջախում ուսանելը Աննայի երազանքն է արդեն մի քանի տարի և մրցույթի մասին իմանալով՝ առանց վարանելու որոշել է մասնակցել: Այսօր մայրիկի հետ ՀՊՏՀ-ում էր՝ փոքր-ինչ շփոթված ու վախվորած, բայց՝ վստահ։

Էսսեների մրցույթում հաղթելու փորձ Աննան ունի. շուրջ մեկ ամիս առաջ նրա շարադրությունը հաղթող էր ճանաչվել Գեղարքունիքի մարզային «1+1» պարբերաթերթի կազմակերպած՝ «Եթե ես լինեի…» խորագրով շարադրությունների մրցույթում, որտեղ Աննան խոստովանել էր տնտեսագետ դառնալու իր մտադրությունը։

«Մրցույթի մասին ինձ հայտնեց դպրոցի տնօրենը, ու քանի որ դպրոցի միակ շրջանավարտը ու Տնտեսագիտական համալսարանի միակ դիմորդը ես եմ, առաջարկեց մասնակցել»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Աննան։

Աննայի հետ միասին այսօր ՀՊՏՀ-ում էին հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների 12-րդ դասարանի շուրջ 8 տասնյակ աշակերտներ։ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր, Շիրակ, Տավուշ. մասնակիցների աշխարհագրական շրջանակը բավականին լայն է, նպատակը՝ հստակ, հաղթելու ցանկությունը՝ անթաքույց։

Մասնակիցներին ողջունեց և նրանց մտքերին բարի ընթացք մաղթեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։

«Նման մրցույթ ՀՊՏՀ-ում կազմակերպվում է երկրորդ անգամ։ Սա հրաշալի հնարավորություն է ձեզ համար, քանի որ հաղթելու և Տնտեսագիտական համալսարան ընդունվելու դեպքում, ի թիվս այլ խրախուսական մրցանակների, դուք կստանաք նաև դրամական պարգև: Իսկ ձեր մասնակցությունն այս մրցույթին արձանագրումն է այն փաստի, որ տնտեսագետ դառնալու որոշումն ընդունված է, և ընտրությունը կատարված է հօգուտ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, որը Տնտեսագիտական մայր բուհն է ՀՀ-ում և տնտեսագետ կադրեր պատրաստող հիմնական բնօրրանը»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը։

Ապա վիճակահանության արդյունքում հայտնի դարձան էսսեների թեմաները՝ «Շրջակա միջավայրի պաշտպանությո՞ւն, թե՞ տնտեսական զարգացում» և «Ազգային տնտեսությունը և գլոբալացումը. ինչպե՞ս քաղել օգուտներ»։ Ըստ ցանկության ընտրված թեմաներով ստեղծագործելու համար մասնակիցներին տրամադրվեց 120 րոպե։

Այդ ընթացքում Դիանա Գալոյանը հանդիպեց ապագա դիմորդների ծնողների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին՝ ՀՊՏՀ ընդունելության գործընթացի, մասնագիտությունների, առաջարկվող կրթական ծրագրերի, տրամադրվող կրթաթոշակների, գործող զեղչային համակարգի վերաբերյալ։

Տնտեսագիտական էսսեների մրցույթի հաղթողներին կորոշի ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից բաղկացած հանձնաժողովը, արդյունքները կհայտարարվեն ապրիլի 1-ին: Այդ օրն էլ կկայանա հանդիսավոր մրցանակաբաշխությունը։ Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի այն աշխատանքներին, որոնք լավագույնս կարտացոլեն էսսեին ներկայացվող պահանջները՝ շարադրանքի համապատասխանություն թեմային, ստեղծագործական միտք, մոտիվացիա, տրամաբանական փաստարկում, լեզվական գրագիտություն։

Նշենք, որ մրցույթի առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները ՀՊՏՀ ընդունվելու դեպքում կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի, կլինեն նաև խրախուսական մրցանակներ։