Տնտեսագիտականը հիշարժան օր նվիրեց իր շրջանավարտներին․ դիպլոմների հանձնում՝ հանդիսավոր պայմաններում

08.07.2022
Դիտումների քանակ՝ 2018

Շուրջ կեսդարյա պատմություն կերտած Տնտեսագիտական մայր բուհի շրջանավարտների շարքը համալրեց նոր սերունդը։ Այսօր՝ հուլիսի 8-ին, հանդիսավոր պայմաններում նրանց հանձնվեցին ավարտական վկայականներ։

Տոնական արարողությանը, որն անցկացվում էր Տնտեսագիտական համալսարանի գեղատեսիլ բակում, ներկա էին ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Տնտեսագիտական մայր բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ՀՊՏՀ անվանի շրջանավարտներ, ծնողներ, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր։

Մինչ հանդիսությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ՀՊՏՀ ուսանողների անմահ հիշատակը։

Հիշարժան օրվա առթիվ շնորհավորելով շրջանավարտներին՝ Վահագն Խաչատուրյանը հույս հայտնեց, որ ՀՊՏՀ շրջանավարտների նոր սերունդը, որը անկախ պետականության և մտածողության արժեքների կրողն է, մեր երկիրը կդարձնի ավելի լավը, որպեսզի մենք ապրենք ավելի անվտանգ, ավելի ուժեղ և դիմագրավենք բոլոր փորձություններին։

«Այսօր ձեր կյանքում մի կարևոր իրադարձություն է տեղի ունենում, դուք ստանում եք դիպլոմ, ձեր կյանքի մի էջը փակվում է, սկսվում է մեկ այլ էջ, որը շատ ավելի հետաքրքիր է լինելու՝ իր անակնկալներով, իր լավ ու վատ կողմերով, համոզված եմ՝ նաև ձեռքբերումներով։ Դուք եք լինելու ձեր կյանքը կերտողը։ Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից եք, երիտասարդ եք, ունեք ուժ, կորով, մեծ հնարավորություններ ու երազանքներ և այդ երազանքներն իրականացնողներն եք լինելու»,- ընդգծեց ՀՀ նախագահը։

Դիմելով շրջանավարտներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հորդորեց ամենօրյա աշխատանքով կառուցել մասնագիտական և գործնական հաջողությունները և կյանքի կոչել անգամ անհնարինը։ «Կրթությունն է մեր ապագան, մեր հզորության, անվտանգության երաշխավորը, կրթությունից է սկսվում ամեն լավ բան, և ամեն վատ իր մեջ կրթության դեֆիցիտ է պարունակում։ Պիտի կրթվենք, որպեսզի լինենք հզոր ու զարգացած»,- ասաց Վահրամ Դումանյանը։

Բարի երթ մաղթելով շրջանավարտներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ անցնող տարիներին Տնտեսագիտական համալսարանը բոլոր ջանքերը նպատակաուղղել է երկրի պատասխանատու քաղաքացի դաստիարակելուն և վստահեցրեց, որ նոր սերունդը կարևոր ներդրում կունենա մեր երկրի տնտեսության զարգացման գործում։

«Դուք մեր համալսարանի առաքելության կրողներն եք, մեր դեսպաններն եք ամբողջ երկրում, ինչու չէ՝ նաև արտերկրում։ Բազմիցս ենք եղել ձեր հաջողությունների ականատեսը, ապրել բերկրալի պահեր, հիացել ձեր ձեռքբերումներով և առաջընթացի ոգով։ Դուք ամեն օր ցույց եք տալիս կյանքի առաջմղման լավ օրինակներ, ոգեշնչում մեզ։ Վստահ եմ, որ Տնտեսագիտական համալսարանի հեղինակությունը հարթելու է ձեր զարգացման ուղին, իսկ հետագայում համալսարանն է փառավորվելու ձեր հաջողություններով ու հեղինակությամբ։ Շնորհակալ ենք մեր նկատմամբ վստահության և մեր համալսարանի արժեքները կրելու համար, մաղթում ենք, որ հետագայում ևս չդադարեք սովորել, ինքնակրթվել, կատարելագործվել, արարել։ Դա է մրցունակ լինելու միակ ճանապարհը, և ես համոզված եմ, որ Տնտեսագիտական համալսարանի լավագույն շրջանավարտների հաջողության պատմություններով դեռևս հարստանալու է մեր երկրի առաջընթացի տարեգրությունը»,- ասաց Դիանա Գալոյանը:

Բարեմաղթանքի խոսք հղեց նաև ուսանողուհի Իննա Սիմոնյանը՝ շեշտելով, որ ՀՊՏՀ-ում են անցել իր կյանքի լավագույն տարիները. առաջին ձեռքբերումներն ու հաջողությունները կերտել է հենց այստեղ և վստահ շարունակելու է իր հաջողության ճանապարհը՝ արդեն ՀՊՏՀ մագիստրատուրայում։

Ապա կայացավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը. ՀՀ նախագահը, ՀՀ ԿԳՄՍ նախարարը և ՀՊՏՀ ռեկտորը դիպլոմներ հանձնեցին և հավաստագրերով ու ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների՝ «Հիտաչիի» պաշտոնական ներկայացուցիչ «Զիլլի գրուպ»-ի, «Տաշիր գրուպ»-ի, «Մաֆ գրուպ»-ի, «Ֆլալեսս»-ի, Էվոկաբանկի նվերներով (պլանշետ և էյրփոդ) պարգևատրեցին ՀՊՏՀ վեց ֆակուլտետների և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի լավագույն շրջանավարտներին՝ Ալինա Առուշանյան (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ), Դայանա Յուզբաշյան (ֆինանսական ֆակուլտետ), Վալենտինա Ստեփանյան (կառավարման ֆակուլտետ), Աննա Անտոնյան (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ), Գեղեցիկ Դալլաքյան (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ), Ծովինար Գևորգյան (տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ) և Լիլիթ Միքայելյան (ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 2021-2022 ուստարվա լավագույն շրջանավարտ)։

Շրջանավարտների համար հատուկ մրցանակներ («Դեկանի համակրանք») էին պատրաստել նաև ֆակուլտետների դեկանները. կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը պարգևատրեց 44-օրյա պատերազմի մասնակից, «Կառավարում» մասնագիտության շրջանավարտ Վազգեն Դավինյանին, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության շրջանավարտ Լուիզա Պողոսյանին, ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը՝ «Ֆինանսներ» մասնագիտության շրջանավարտ Մովսես Գալստյանին, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը մրցանակ էր պատրաստել «Մարքեթինգ» մասնագիտության շրջանավարտ Սերգեյ Բախշյանի, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության շրջանավարտ Միքայել Թավադյանի, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը՝ «Վիճակագրություն» մասնագիտության շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Մալխասյանի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը՝ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հակոբ Հակոբյանի համար։ «Համակրանքի մրցանակ» էր նախատեսել նաև ՀՊՏՀ ռեկտորը։ Դիանա Գալոյանը այն հանձնեց ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Ժորա Ստեփանյանին։

Դիպլոմների հանձնման արարողությունը շարունակվեց ՀՊՏՀ 6 ֆակուլտետների, ինչպես նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և ֆինանսատնտեսագիտական քոլեջի համար նախատեսված առանձին տաղավարներում։

Նշենք, որ Տնտեսագիտական մայր բուհը 2021-2022 ուստարում 6 բակալավրական, 12 մագիստրոսական, 15 մագիստրոսական երեկոյան կրթական ծրագրերով թողարկել է 1199 շրջանավարտ, որից 425-ը՝ առկա բակալավրիատից, 369-ը՝ հեռակա բակալավրիատից, 99-ը՝ առկա մագիստրատուրայից, 263-ը՝ առկա մագիստրատուրայի երեկոյան կրթական ծրագրերից, 43-ը՝ հեռակա մագիստրատուրայից։

ՀՊՏՀ մյուս գործընկերների՝ Ինեկոբանկի, Ակբա բանկի, ՎՏԲ բանկի, Հայբիզնեսբանկի, Ռոսգոսստրախ-Արմենիայի, ՖԻՆՔԱ-ի, Թիմ Տելեկոմ Արմենիայի, «Յուքոմ» և «Կոկա կոլա» ընկերությունների կողմից շուրջ 200 փոքրիկ հուշանվերներ հանձնվեցին Կարմիր դիպլոմ ստացող, ինչպես նաև վիճակահանությամբ՝ այլ շրջանավարտների։

Անմոռաց երեկոն եզրափակվեց համերգային ծրագրով. շրջանավարտներին տոնական տրամադրություն փոխանցեցին սաքսոֆոնահար Մոսս Բաբաջանյանը, երգչուհի Լիլիթ Օսիպյանը և DJ Վակցինան։ Հանդիսության մասնակիցները հնարավորություն ունեցան լուսանկարվելու՝ հատուկ կահավորված գողտրիկ անկյուններում և սելֆի-հայելու մոտ, աստղային կեցվածքով ճեմելու «Օսկարի գորգի» վրայով, զմայլվելու Գյումրու իլյուզիաների նորաբաց թանգարանի ցուցանմուշով (թանգարանը էլփոստի միջոցով շրջանավարտներին կտրամադրի զեղչի քարտեր):