Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը վերանորոգվել ու տեխնիկապես արդիականացվել է (լուսանկարային շարք)

22.02.2021
Դիտումների քանակ՝ 2015

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը մեկնարկել է վերանորոգված ու տեխնիկապես արդիականացված մասնաշենքում:

Օրերս ՀՊՏՀ ղեկավար կազմն այցելել է Պարույր Սևակի 77 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, ծանոթացել կատարված աշխատանքներին։

аsue.am հետ զրույցում ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը նշեց, որ ֆակուլտետը վերանորոգվել է 2020 թ․ աշնանը, երբ ուսումնական պարապմունքները հիմնականում կազմակերպվել են առցանց։

«Համալսարանի բրենդային գույներն ու ձևավորումը վերանորոգման արդյունքում արդեն արտացոլվել են նաև մեր մասնաշենքում։ Տեխնիկական հագեցման, արտաքին ու ներքին լուսավորության համակարգի նորացման պայմաններում ֆակուլտետում ստեղծվել է կրթական ու աշխատանքային հաճելի և արդյունավետ միջավայր»,-ասաց Սոս Խաչիկյանը։

Դեկանի խոսքով՝ 2020-2021 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքում սահմանված տեղերի շրջանակում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետն ունեցավ ամբողջովին համալրված բակալավրիատի առաջին կուրսեր, ուստի լաբորատոր պարապմունքների կազմակերպման առումով խնդիր էր առաջացել։ «Հարցը ստացել է օպերատիվ կարգավորում․ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի անձնակազմը կարողացել է սեղմ ժամկետներում ամբողջովին արդիականացնել գործող երկու լաբորատորիաները: Այժմ կահավորվում է նաև 10 համակարգիչ ունեցող նոր՝ երրորդ լաբորատորիան»,- ասաց նա:

Սոս Խաչիկյանի հավաստմամբ, մասնաշենքի վերանորոգումն ու տեխնիկական արդիականացումը էապես նպաստել են աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և ուսանողների առօրյան գրավիչ դարձնելուն։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին