ՀՊՏՀ նախաձեռնությամբ իրականացվում է հերթական դասընթացը` այս անգամ մարքեթինգով հետաքրքրվողների համար
Փետրվարի 17-ին ՀՊՏՀ-ում մեկնարկել է “Become a marketer“ դասընթացը, որը վարում է ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Ֆլորա Աթոյանը: Դասընթացն անցկացվում է հիբրիդային եղանակով՝ շաբաթական երկու անգամ օնլայն հարթակում, իսկ շաբաթ օրերին՝ ՀՊՏՀ-ում, ընդհանուր 30 ժամ տևողությամբ:
Դասընթացին մասնակցում են ՀՊՏՀ աշխատակիցներ, ուսանողներ, շրջանավարտներ և այլ շահառուներ:
Դասընթացի մասնակիցներին այսօր ողջունել է ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, ով մասնավորապես նշել է, որ դասընթացի անցկացման նախաձեռնությունը Ֆլորա Աթոյանինն է, ով ՀՊՏՀ-ում դասավանդում է երկու տարի և ունի հեղինակային դասընթացների (թրեյնինգների) անցկացման բազմամյա փորձ: «Սա մարքեթինգի ամբիոնի հետ համատեղ կազմակերպված երկրորդ դասընթացն է, ինչի առիթով ցանկանում եմ ողջունել մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանի ջանքերը»,- ասել է Աղավնի Հակոբյանը:
Ֆլորա Աթոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ դասընթացի մասնակիցները մարքեթինգային տեսական գիտելիքներից զատ ձեռք կբերեն գործնական հմտություններ, ինչպես նաև կմշակեն սեփական նախագծերի առաջմղման պլան և այն իրագործելու հնարավորություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին