ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոսները մասնակցել են վերապատրաստման դասընթացի

30.04.2021
Դիտումների քանակ՝ 1819

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստման ծրագրերի շարքում կազմակերպվել է հերթականը. սույն թվականի ապրիլի 15-23-ը ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոսները մասնակցել են վերապատրաստման դասընթացի, որը վարել է միջազգային CELTA, DELTA որակավորում, ինչպես նաև դասախոսների վերապատրաստման միջազգային վկայագրեր ունեցող բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետ՝ ԵՊՀ ԼՄՀ ամբիոնի դոցենտ, բ.գ.թ Լիլիթ Բեքարյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբիոնում աշխատում են տարբեր լեզուներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) դասավանդող մասնագետներ՝ վերապատրաստման համար ընտրվել է բոլոր մասնագետներին միավորող թեմա՝ «Լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումներ»։

Ինչպես հայտնում են ամբիոնի մեր գործընկերները, վերապատրաստման մեկնարկը նշանավորվել է լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Լուսինե Հարությունյանի խոսքով, ով ջերմորեն ողջունել է մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները մեծապես կնպաստեն ամբիոնի դասախոսների աշխատանքային գործունեության էլ ավելի արդյունավետ կազմակերպմանը։

Դասերն անցկացվել են առցանց՝ ZOOM հարթակում, դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ: Վերապատրաստման 5 հանդիպումների համար ընտրված մեկը մյուսից հետաքրքիր թեմաները մեծ խանդավառությամբ ու սիրով են ընդունվել ամբիոնի դասախոսների կողմից։

«Վերապատրաստման արդյունավետ ընթացքը լավագույն վկայությունն էր այն բանի, որ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոսները պատրաստակամ են շարունակաբար կատարելագործվելու։ Դասընթացը վարող հմուտ և փորձառու մասնագետի շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու դասավանդման նոր, ժամանակակից մեթոդներին, թարմացնելու գիտելիքները, ձեռք բերելու նոր հմտություններ»,- նշում է ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը։

ՀՊՏՀ մարքեթինգի հասարակայնության հետ կապերի բաժին