Ավարտվեց տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթը․ հայտնի են մրցանակակիրները

06.04.2022
Դիտումների քանակ՝ 1215

Տնտեսագիտական համալսարանում երեկ՝ ապրիլի 6-ին, հյուրընկալվել էին մարտի 11-ին կայացած տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթի հաղթողները։ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից բաղկացած հանձնաժողովը, ամփոփելով մրցույթի արդյունքները, ընտրել էր լավագույն աշխատանքները. նախապատվությունը տրվել էր էսսեին ներկայացվող պահանջները (շարադրանքի համապատասխանություն թեմային, ստեղծագործական միտք, մոտիվացիա, տրամաբանական փաստարկում, լեզվական գրագիտություն) լավագույնս արտացոլած ստեղծագործություններին։ Մրցույթին մասնակցել էին ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներն ու քոլեջների ավարտական կուրսերի սովորողները։ Մասնակիցներն ընտրել էին առաջարկված երկու թեմաներից մեկը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանությո՞ւն, թե՞ տնտեսական զարգացում» և «Ազգային տնտեսությունը և գլոբալացումը. ինչպե՞ս քաղել օգուտներ»։

Հանդիսավոր մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նա ուրախությամբ նշեց, որ դիմորդների մեծ մասն ընտրել է «Շրջակա միջավայրի պաշտպանությո՞ւն, թե՞ տնտեսական զարգացում» թեման։

«Կանաչ տնտեսությունը այսօր ամենաարդիական ուղղություններից է տնտեսագիտության մեջ, և մենք ուրախ ենք տեսնել, որ մեր ապագա դիմորդները գիտակցում են դրա կարևորությունը»,- ընդգծեց Դիանա Գալոյանը՝ հավաստիացնելով, որ մրցութային հանձնաժողովը պահպանել է օբյեկտիվության բոլոր չափանիշները։

Այնուհետև ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ուսանողներին ընձեռվող հնարավորությունները, ապա խրախուսական մրցանակներ հանձնեց Նարե Հաջաթյանին, Գեղեցիկ Մելիքյանին և Սոնա Ռուբենյանին։ Սոֆի Մելիքսեթյանին, Մերի Թադևոսյանին, Աննա Գևորգյանին պարգևատրեց ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը՝ ապագա դիմորդներին ծանոթացնելով ՀՊՏՀ միջազգային վարկանշավորմանը, միջազգային ծրագրերին մասնակցությանն ու արտասահմանում սովորելու հնարավորություններին։ Ապա բեմահարթակ բարձրացան ուսխորհրդականները, ներկայացրին ՀՊՏՀ ՈՒԽ գործունեությունը, ապա ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում 6-օրյա հանգստի ուղեգրեր հանձնեց Ռոման Սիրադեղյանին, Արթուր Հարությունյանին, Աննա Մանասյանին, Լիկա Բարոյանին, Անուշ Զուրաբյանին և Նորա Սաթունցին։

Վերջապես եկավ գլխավոր մրցանակակիրների անունները հայտարարելու պահը, և նրանց անուններն ազդարարեց ռեկտոր Դիանա Գալոյանը: Եվ այսպես՝ «Տնտեսագիտական էսսեների մրցույթ – 2022» նախագծի հաղթողներն են Երևանի 184 ավագ դպրոցից Գոհար Ալեքսանյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից Շողիկ Նազարեթյանը և Ոսկետափի ավագ դպրոցից Լիլի Ղևոնդյանը։ Նշենք, որ նրանք ՀՊՏՀ ընդունվելու դեպքում կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի։ Իսկ որ ընտրելու են հենց Տնտեսագիտական համալսարանը, մեր մրցանակակիրները խոստովանեցին արդեն հանդիսավոր մրցանակաբաշխությունից հետո:

«Երբ հայտնի դարձավ էսսեի վերնագիրը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանությո՞ւն, թե՞ տնտեսական զարգացում», ինձ մի պահ թվաց, որ ես մրցույթում հաղթելու որևէ հնարավորություն չեմ ունենա, բայց ուժերս հավաքեցի, հասկացա, որ իրականում քիչ բան չունեմ այդ թեմայի վերաբերյալ գրելու և ինձ տված ամբողջ ժամանակն օգտագործեցի մտքերս շարադրելու վրա»,-ասում է Գոհար Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ մինչև այս մրցույթն էլ որոշումը կանգ է առել միայն ու միայն ՀՊՏՀ-ի վրա։ Այս պահին դեռ տատանվում է՝ կընտրի հաշվապահական հաշվառման և աուդիտի՞, թե՞ կառավարման ֆակուլտետը։

Մեզ հետ զրույցում Լիլի Ղևոնդյանն էլ նշեց, որ տնտեսագետ դառնալու որոշում վաղուց է ընդունել, իսկ այս միջոցառումը ամրապնդեց իր վճռականությունը։ Այժմ առավել քան վստահ է իր ցանկությունն ի կատար ածելու և ընտրությունը հօգուտ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կատարելու հարցում. «Երկու թեմաներն էլ հոգեհարազատ էին, սակայն դպրոցում «Անգլերեն» և «Հասարակագիտություն» առարկաներից անդրադարձել էինք գլոբալացման թեմային, ինչն էլ ինձ օգնեց «Ազգային տնտեսությունը և գլոբալացումը. ինչպե՞ս քաղել օգուտներ» թեմայով էսսեն գրելիս»։

Նշենք, որ տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթը ՀՊՏՀ-ն կազմակերպում է արդեն երկրորդ անգամ։ Նպատակը տնտեսագիտական կրթության խրախուսումն ու զարգացումն է։