«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի երկրորդ թողարկումն առցանց է
ՀՊՏՀ գիտական պարբերականի` 2020 թվականի երկրորդ համարում (էլեկտրոնային) կարող եք ծանոթանալ նոր աշխատությունների, որոնցում ներկայացված են տնտեսագիտական ուղղվածության և օտար լեզվի դասավանդման մեթոդաբանության արդիական հիմնախնդիրներ և արժեքավոր առաջարկություններ:
«Ֆինանսներ» խորագրում զետեղված է 3 հոդված`Անուշ Գասպարյանի և Հայկ Քալանթարյանի` «Քրաուդֆանդինգի կարգավորման հեռանկարները ՀՀ-ում», Հրայր Մուրադյանի` «ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածության և մրցակցության գնահատումը Լինդայի hամաթվի միջոցով», Արմեն Ճուղուրյանի և Նոննա Խաչատրյանի` «Մարդկային կապիտալի հաշվապահական հաշվառման մեթոդաբանական հիմնախնդիրները կազմակերպություններում»:
«Տարածքային զարգացում» խորագրում հանդես են գալիս Զոյա Թադևոսյանը և Ալբերտ Հայրապետյանը` «Շիրակի մարզի համայնքային հիմնախնդիրների առաջնային հետազոտության արդյունքների վերլուծություն» և Գոհար Աղաջանյանը`«Պաշտոնական դրամաշնորհների դերը համայնքի բյուջեի ձևավորման գործընթացում» հոդվածներով:
«Միջազգային տնտեսագիտությունը» ներկայացնում է Դիանա Մաթևոսյանի «ՀՀ առևտրային հաշվեկշռի շարժընթացի վերլուծությունը և կանխատեսումը» և Սիմոն Սնգրյանի «Առևտրի բացությունը և Հայաստանը» հոդվածները:
«Նորարարություն և կրթություն» խորագրում Մարիամ Պողոսյանի
«Կապի ոլորտի ինովացիոն զարգացումն արտակարգ իրավիճակի համատեքստում», իսկ
«Մաթեմատիկական տնտեսագիտություն»-ում`Եվգենյա Բազինյանի և Կամո Դավթյանի
«ՀՀ տնտեսական աճի կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունը մարկովյան անցման մոդելների միջոցով» հոդվածներն են:
Անգլալեզու հոդվածներում անգլերենի դասավանդման մեթոդաբանության հիմնահարցեր են արծարծում Լուսինե Հարությունյանը` «ՀՊՏՀ-ում գործարար անգլերենի դասերի ընթացքում չորս հմտությունների ինտեգրումը» և Լուսյա Տեր-Սարգսյանը` «Ինչպես օժանդակել անգլերենի նախնական մակարդակ ունեցող ուսանողներին՝ կատարելագործելու դերբայակերտ ածականների կիրառումը անգլերենում»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին