Հայաստանի և Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանները կխորացնեն համագործակցությունը

16.03.2023
Դիտումների քանակ՝ 1278

Հայաստանի պետական տնտեսագիտական և Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանները, պահպանելով համատեղ ձեռքբերումները, ինչպես նաև ներդնելով նոր ուղղություններ, կխորացնեն համագործակցությունը։ Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հյուրընկալեց նշված համալսարանի միջազգային հարցերի գծով պրոռեկտոր Դմիտրի Վասիլենկոյին և ինովացիոն զարգացման կենտրոնի տնօրեն Անդրեյ Ալեքսանկովին։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը։

ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց բուհի գործունեությունը, կրթական ծրագրերը, միջազգային համագործակցությունը, շարժունության ծրագրերը, «Ամբերդ» կենտրոնի գիտահետազոտական գործունեության շրջանակները։ Պրոռեկտոր Դմիտրի Վասիլենկոն շեշտեց, որ իրենց բուհը ծավալում է գրեթե նույն գործունեությունը և համանման խնդիրներ ունի։ Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին անդրադառնալով՝ կողմերը մատնանշեցին շարժունության ծրագրերը, աշխատակիցների որակավորման բարձրացմանը միտված վերապատրաստումները, մագիստրոսական փորձառության կազմակերպման, միջամբիոնային համագործակցության, տեխնոլոգիական և ինովացիոն նախագծերի իրագործման ուղղությունները, որոնց վերաբերյալ քննարկումների պայմանավորվածություններ ձեռք կբերվեն առաջիկայում։

Հանդիպման ավարտին ստորագրվեց համագործակցության հուշագիր, իսկ հրաժեշտից առաջ հյուրերը շրջայց կատարեցին բուհում։