Առցանց կրթության անցումն անսպասելի էր, բայց մենք կարողացանք արագ ինքնակազմակերպվել. Մանուկ Մովսիսյան

Դիտումների քանակ՝ 2974

Դիտակետում պահելով հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացը` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շարունակում է ներկայացնել բուհում առցանց կրթության իրականացման գործընթացը: Սկսում ենք հարցազրույցների շարք, որի շրջանակում ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների դեկաններն ամփոփ կներկայացնեն իրենց ֆակուլտետներում առցանց կրթության կազմակերպումը, ինչպես նաև գործընթացի շուրջ իրենց դիտարկումները: Մեր առաջին զրուցակիցը կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանն է:

-Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս կգնահատեք Ձեր ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ներգրավվածությունը առցանց ուսուցման գործընթացում:

-Արդեն 4-րդ շաբաթն է` մեր դասախոսները ամենայն պատասխանատվությամբ կազմակերպում են առցանց դասընթացներ` ապահովելով ուսանողության հնարավորինս մեծ մասնակցությունը: Գործնական դասերը ևս պատշաճ իրականացվում են առցանց եղանակով` խնդիրների լուծում, քննարկումներ, հարցուպատասխան: Ընդհանուր առմամբ, դասախոսների 99 տոկոսը, ըստ դասացուցակների, կազմակերպում է հեռավար ուսուցումը, նաև ուղարկում է դասախոսությունները, ավելին, հաճախ դասերը նախատեսված 80 րոպեից ավելի են տևում: Ուսանողների հետ կապված նշեմ, որ առաջին 2 շաբաթների ընթացքում մասնակցությունն ավելի ակտիվ է եղել, այժմ փոքր-ինչ նվազման միտում է նկատվում, ինչը ես կապում եմ նրանց ծանրաբեռնվածության հետ: Նյութերը տրամադրվել են, նրանք պատրաստվում են քննություններին:

-Հարցերի դեպքում ուսանողը կարողանո՞ւմ է անկաշկանդ դիմել դասախոսին:

-Իհարկե: Բոլոր դասախոսներն էլ հասանելի են թե′ համացանցում, թե′ հեռախոսային կապի միջոցով: Այս օրերին իմ ֆեյսբուքյան ընկերների ցանկը համալրվել է 400-ով, և նրանք հիմնականում ուսանողներ են, ովքեր դիմում են ամենատարբեր հարցերով:

-Ավարտական կուրսերի ուսանողների առցանց ուսուցման կազմակերպումը տարբերվում է այլ կուրսերից. փորձառություններ, ավարտական աշխատանքներ ու թեզեր, ինչպե՞ս կնկարագրեք այս գործընթացը:

-Բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ուսումնական գործընթացը ևս պատշաճ կազմակերպվում է: Մշակել ենք համապատասխան եղանակները, ներդրել ենք գործիքակազմը: Փորձառությունների պաշտպանությունները կազմակերպվում են առցանց, ավարտական աշխատանքների կատարումը համակարգվում է համապատասխան ղեկավարների կողմից:

-Առցանց կրթության կազմակերպման անհրաժեշտությունը բխեց իրավիճակից և անսպասելի էր: Ի՞նչ խնդիրներ է այն ստեղծում, ի՞նչ դիտարկումներ ունեք թեմայի հետ կապված:

-Այո, հեռավար կրթության անցումն անսպասելի էր, այնուամենայնիվ մենք կարողացանք արագ ինքնակազմակերպվել և այնպես անել, որ մեր ուսանողները չտուժեն: Խնդիրներ, որպես այդպիսին, գրեթե չկան: Թերևս, լիարժեք հաղորդակցման կամ տեխնիկական հասանելիության որոշակի խնդիրներ կարող են լինել:Շնորհակալության են արժանի մեր դասախոսներն ու աշխատակիցները, որովհետև այս օրերին պատշաճ կազմակերպվում է ոչ միայն ուսումնական գործընթացը, այլև տեղեկանքների տրամադրումը (ստորագրում է ռեկտորի պաշտոնակատարը), դիմումների ընդունումը և այլ գործընթացներ: Դեկանատը տասնյակ տեղեկանքներ է տալիս զորակոչիկներին, ուսման վարձի զեղչի համար տարբեր կազմակերպություններ դիմող ուսանողներին և այլն: Նշեմ, որ ուսման վարձերի վճարման հետ կապված այս օրերին մի շարք հարցեր են լինում և մենք, իրավիճակը հաշվի առնելով, ընդառաջում ենք: Վերջում, որպես դիտարկում, կցանկանայի նշել, որ բոլորս էլ հասկանում ենք, որ համալսարանում ուսուցումն ու ուղիղ շփումն անփոխարինելի են, և առցանց դասերը ժամանակավոր բնույթ են կրում: Ուստի ուսանողներին հորդորում եմ կրկնակի պատասխանատու լինել, մասնակցել առցանց դասերին, կատարել դասախոսների հանձնարարությունները, կապի մեջ լինել նրանց հետ և քննարկել դասընթացներին վերաբերող բոլոր հարցերը: Ամեն ինչ լավ է լինելու, և կրկին վերադառնալու ենք մեր սիրելի համալսարան:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարականության հետ կապերի բաժին