Ամփոփվել է «Ֆուտզալ լիգայի VBET գավաթը». ՀՊՏՀ հավաքականի անդամը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ
Հունիսի 25-ին կայացել է «Ֆուտզալ լիգայի VBET գավաթի» եզրափակիչ խաղը: Մեր համալսարանը ներկայացնող հավաքականը 16 թիմերի շարքում դիտարժան խաղեր է ցուցադրել և «Ջոկեր» թիմի հետ կիսել է 3 և 4-րդ տեղերը:
Ընդհանուր առմամբ, ՀՊՏՀ թիմը տոնել է 2 մեծ հաշվով հաղթանակ և 1 պարտություն, կիսաեզրափակչում 5:7 հաշվով պարտվել է Հայաստանի քառակի չեմպիոն և այս մրցաշարի գավաթակիր, ուժեղագույն «Լեո» թիմին: Մեր թիմի դարպասապահ Արմեն Ֆիշյանը արժանացել է մրցաշարի «Լավագույն դարպասապահ» կոչմանը:
Այս մասին asue.am-ին հաղորդեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչ-ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ամփոփեց մրցաշարը: «Նման ֆորմատով մրցաշար Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում, կազմակերպիչներն էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտզալ Լիգա» ՀԿ-ն, հովանավորը` VBET ընկերությունը: ՀՊՏՀ-ն համարվում էր մրցաշարի ֆավորիտներից: Պետք է նշել, որ մենք որպես սիրողական թիմ էինք հանդես գալիս »,-նշեց ամբիոնի վարիչը, իսկ վերջում հավելեց, որ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը նպատակ ունի առաջիկայում վերսկսելու իր ելույթները Հայաստանի Ֆուտզալի սուպերլիգայի կամ բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնությունում, և ակնկալում է, ինչպես միշտ, ստանալ բուհի ղեկավարության աջակցությունը:
Շնորհավորում ենք մեր ֆուտզալիստներին:
Հ.Գ. Լուսանկարներում մեր լավագույն խաղացողներից Արմեն Ֆիշյանն է, լուսանկարները տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին