ՀՊՏՀ-ում էր Լարս Քոլինդը․ աշխարհահռչակ բանախոսը բացահայտեց հաջողակ ձեռնարկատեր դառնալու գաղտնիքները
«Ինչպես լինել հաջողակ ձեռնարկատեր» թեմայով դասախոսությունը սեպտեմբերի 28-ին մի հարկի տակ էր համախմբել ՀՊՏՀ տասնյակ ուսանողների, ովքեր բաց չէին թողել Լարս Քոլինդին անձամբ տեսնելու և նրա դասախոսությունը վայելելու հնարավորությունը։
Ողջունելով օտարերկրյա հյուրին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ Քոլինդը հատուկ ու սպասված հյուր է Տնտեսագիտական մայր կրթօջախում, որն ավելի քան 7000 ուսանող ունի։
«Մենք փորձում ենք ավանդական կրթական մեթոդներին զուգահեռ համալսարանում ներդնել նորարարական մոտեցումներ, և այս դասախոսությունը դրա վառ ապացույցն է»,- նշեց ՀՊՏՀ ռեկտորը և դիմելով ուսանողներին՝ հավելեց, որ վերջիններիս համար բացառիկ հնարավորություն է ձեռնարկատիրության բնագավառի լավագույն դասախոսներից մեկին լսելը։
«Լարս Քոլինդը ձեզ է ներկայացնելու իր սեփական փորձը, և ես լիովին համոզված եմ, որ այս դասախոսությունն իր մեծագույն հետքը կթողնի ձեր մասնագիտական զարգացման վրա»,- նշեց Դիանա Գալոյանը։
Ողջունելով ուսանողներին՝ Քոլինդն ասաց, որ հենց նրանք են Հայաստանի ապագան, երկրի շարժիչ ուժը։ Ապա հավելեց, որ 20 տարվա ընթացքում իրեն հաջողվել է 25 ընկերություն ստեղծել, և հաջողության հասնելու իր երեք պատմությունները սիրով կկիսի հայ ուսանողների հետ։
Քոլինդը վստահ է՝ հաջողության հասնելու և ձեռքբերումներ ունենալու համար պետք է կիրառել հատուկ ռազմավարություն և մոտեցումներ։ Իսկ հաջողակ ընկերություն ստեղծելու համար պետք է աշխատել ընկերության յուրաքանչյուր աշխատակցի հետ և այնպես անել, որ ընկերությունում հնարավորինս շատ ժպիտներ լինեն։ Սա է, ըստ Քոլինդի, իրական առաջնորդության գաղտնիքը։
Քոլինդը չմոռացավ նաև «պարգևատրել» ամենահետաքրքիր հարցի հեղինակին և, ինչպես նախապես խոստացել էր, վերջինիս պրոֆիլը ներկայացնել իր սոցիալական հարթակի բազմահազարանոց լսարանին։ Այդ «պատվին» արժանացավ ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Կիրակոսյանը։ Ապագա հաշվապահին հետաքրքրում էր, թե որն է եղել Քոլինդի ամենամեծ ձախողումը, որը փոխել է նրա կյանքը։
Նշենք, որ առաջնորդության նոր հայեցակարգերը ներկայացնող աշխարհի առաջատար բանախոսներից մեկը Հայաստանում է ՀՊՏՀ-ի և Առաջնորդության դպրոցի համագործակցության շրջանակում։ Նրա նպատակն է ոգեշնչել ընկերություններին և կազմակերպություններին, որպեսզի նրանք բարգավաճեն՝ ներգրավելով ոչ միայն աշխատակիցների, այլ նաև ընդհանուր նպատակներ ունեցող շահագրգիռ կողմերի։ Լարս Քոլինդը վերջին 20 տարիների ընթացքում համահիմնադրել է ավելի քան 25 ընկերություն և կազմակերպություն:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին