«Տնտեսագետի» տարեվերջյան թողարկումն առցանց է. այն պատմում է խիզախումի ու հավատի, կրթության ու աշխատանքի մասին
Ավարտվում է 2020 թվականը, ավարտվում է փորձության տարին:
ՀՊՏՀ համակազմը մասնակցում է հոգեհանգստյան կարգի` ի հիշատակ Արցախյան գոյամարտում նահատակված ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների և 2020 թ. կյանքից հեռացած դասախոսների. պատմում «Տնտեսագետի» շապիկի 2-րդ էջը:
Կորուստներն անչափելի են, սակայն պետք է ուժ գտնել ու առաջ շարժվել. այս մասին է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը: Այն միասնական, համերաշխ ու արդյունավետ աշխատանքի կոչ է, նոր տարին նոր մեկնակետից ավելի իմաստնացած սկսելու հորդոր: Ռեկտորի ուղերձին կից ամսագիրը տեղեկացնում է. ՀՀ Կառավարությունը որոշել է հաստատել ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները: Շնորհավորում ենք հարգարժան ռեկտորին, մաղթում արգասաբեր գործունեություն և արտահայտում միասնական ու արդյունավետ աշխատանքի մեր պատրաստակամությունը:
«Մեր հերոսները» խորագիրը շարունակում է ներկայացնել սխրագործ հայորդիներին: Նրանց շարքերում տղաներ են, որոնք ելել են մարտի, որոնք շարունակում են ծառայել հայրենիքին և տղաներ, որոնց իր գիրկն առավ մայր հողը: Վերստին մեր խոնարհումն ենք բերում բոլոր հերոսներին:
Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցին նվիրված հոդվածը լուսաբանում է դաս-սեմինարը, որի նպատակն աղետներին իրազեկվածությամբ և գիտելիքով դիմակայելն է:
«Տնտեսագետի» խնդրանքով Նադեժդա Աֆյանը, Վարդան Վլասյանը և Նարինե Խալաթյանն իրենց դիտարկումներն են ներկայացնում 2020 թվականի փորձությունների և դրանք հաղթահարելու ուղիների վերաբերյալ:
Անվանական կրթաթոշակակիրներ Հայկ Քալանթարյանը, Անահիտ Իսրայելյանը, Մարիաննա Դանիելյանը, Գևորգ Բաղդասարյանը, Նարինե Պետրոսյանը, Սյուզաննա Գաբրիելյանը, Ալինա Առուշանյանը հանդես են գալիս ուշագրավ խորհրդածություններով:
«Բանկային համակարգն իր հիմնական ցուցանիշներով տարին կեզրափակի աճով» վերտառությամբ հարցազրույցը ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանի հետ է:
«Ստեղծագործում են մեր ուսանողները». առաջին կուրսեցիների նամակներն են` ուղղված ապագային: Դրանցում հեղինակների հույսն ու սպասումն է, բողոքն ու ցավն է և ապագայի լուսավոր հավատը: Նամակները խնամքով ու սիրով հավաքել ու ամբողջացրել է լեզուների ամբիոնի դասախոս Մերի Աբգարյանը:
Հաջորդիվ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեության հակիրճ ամփոփումն է, նույնպիսի անդրադարձ է զետեղված նաև Գյումրու մասնաճյուղի վերաբերյալ:
Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարը» նոր հետաքրքրական բացահայտումներ ու ճանաչողական նյութեր է ներկայացնում:
Տարեգրությունն ավարտվում է 2019 թվականով` այդպիսով մեր հիշողության մեջ թարմացնելով անցյալի կարևոր իրադարձությունները:
ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստերում քննարկվում և որոշվում են ուսումնական գործընթացին վերաբերող, գիտահետազոտական ու կազմակերպչական բազում հարցեր. ներառված է նաև տարեվերջյան նիստը:
2020 թ. հոբելյար տնտեսագետների մասին է պատմում գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Ավանդական լուսանկարային լրահոսում տեղ են գտել բուհի ձեռքբերումների մի քանի արձանագրում, ինչպես նաև մեր հարգարժան գործընկերների կորստի մասին ցավալի լուրեր:
Եվ վերջում`«Երուսաղեմի հայկական հախճապակին` սուրբ քաղաքի խորհրդանիշ» հոդվածը Իսրայելի Պետությունում հայ ընտանիքների սերնդեսերունդ փոխանցվող արվեստ-արհեստի մասին է:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
Ամսագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին