Լսարանային կրթաձևն առցանց տիրույթ փոխադրելն առավել անցնցում կարող է իրականացվել հենց ասպիրանտական կրթաստիճանում. Սարգիս Ասատրյանց
ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժինը հետբուհական կրթության ներկա զարգացումների, ասպիրանտական կրթության առցանց կազմակերպման հարցերի շուրջ զրուցել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցի հետ:
-Պարո՛ն Ասատրյանց, հաշվի առնելով կրթության ոլորտում Ձեր նորարարական մոտեցումների վերաբերյալ բարձր տեղեկացվածությունը՝ մեզ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կգնահատեք ասպիրանտուրայում առցանց դասընթացների արդյունավետությունը։
-21-րդ դարում տեխնոլոգիական նոր գործիքների կիրառման անհրաժեշտությունն էլ ավելի կարևորվեց այս տարվա սկզբին նոր տեսակի COVID-19 համավարակի բռնկման արդյունքում համատարած տնտեսական, սոցիալական, կրթական ճգնաժամի պայմաններում: Համավարակի արդյունքում մշակութային ու կրթական, ինչպես նաև տնտեսական գործունեություն իրականացնող կառույցների ու օբյեկտների գործունեության սահմանափակումները մարդկությանը կանգնեցրեցին նոր մարտահրավերների առաջ՝ այն է փնտրել ու փորձել կիրառել նորագույն տեխնոլոգիաներ առօրյա կենսակերպի տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Դրանցից անմասն չէ նաև կրթությունն ու հատկապես բարձրագույն կրթության անխափան աշխատանքի ապահովման հիմնահարցը: Կարծում եմ՝ այս համատեքստում համալսարանական լսարանային կրթաձևն առցանց տիրույթ փոխադրելն առավել անցնցում կարող է իրականացվել հենց ասպիրանտական կրթաստիճանում: Այստեղ ունենք համեմատաբար փոքրաթիվ սովորողներ, ովքեր տիրապետում են տեխնոլոգիական նոր գործիքներին և իրենց դասընթացների ընտրության հարցում ունեն բավական բարձր գիտակցություն:
-Որո՞նք են, ըստ Ձեզ, առցանց ուսուցման առավելությունները։
-Շնորհակալ եմ ճիշտ ձևակերպված հարցի համար, քանի որ առավել հեշտ է այսօր խոսել առցանց ուսուցման կազմակերպման, քան՝ հեռավար ուսուցման մասին ընդհանրապես: Վերջինս ավելի համընդգրկուն գործիքների կիրառում է պահանջում, ու այդ համատեքստում նաև դժվարացնում արդյունավետության գնահատման մոտեցումները: Ասպիրանտական կրթաստիճանում դասավանդման իմ համեստ փորձը (2018թվականից սկսած) ինձ թույլ է տալիս գնահատել ուսուցման առցանց եղանակի կիրառության առավելությունները:
Գաղտնիք չէ, որ ասպիրանտուրայում սովորողների զգալի մասն աշխատում է մասնավոր և պետական հատվածներում, որը դժվարացնում է վերջիններիս՝ ամբողջությամբ համալսարանական լսարանային դասընթացներին մասնակցությունը: Սա առաջանում է սովորողների աշխատանքային զբաղվածության հետևանքով, որոնց մի մասն ապրում և աշխատում է Երևանից դուրս առավել հեռու տարածաշրջաններում: Այս համատեքստում առցանց ուսուցման կազմակերպումը հաղորդում է դասընթացի կազմակերպմանը ճկունություն և մատչելիություն, տեխնիկական միջոցների կիրառումն էլ հնարավորություն է տալիս ապահովել հաղորդվող բոլոր նյութերի, առցանց գրադարանների, դասախոսությունների տեսաձայնագրությունների հասանելությունը:
-Կա՞ն արդյոք խնդիրներ, որոնց բախվում եք առցանց դասընթացների իրականացման ժամանակ, ինչպե՞ս եք փորձում հաղթահարել այդ խնդիրները։
- Փոքրաթիվ խմբերով առցանց ուսուցման իրականացումը հնարավորություն է տալիս ամբողջ դասաժամի ընթացքում ապահովել բոլոր մասնակիցների ներգրավվածությունը: Տեսեք, կիրառում ենք ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ հավուր պատշաճի և համահավասար ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ապահովման հնարավորության գաղափարը: Եթե նրանց թիվն ավելանա, մենք կունենանք ուղղակի մասնակցություն՝ ներգրավվածության փոխարեն: Սովորողները կլսեն, կտեսնեն գուցեև տեխնիկական խոտանի պատճառով որոշ բաներ բաց թողնեն կամ մնա անհասկանալի: Այստեղ ուսուցման ընթացքում մասնակիցների ներգրավվածությունն ապահովող գործիքների կիրառման սահմանափակումները կարող են դիտարկվել որպես անկյունաքարային խոչընդոտ: Թեպետ մասնակցությունից ներգրավվածություն ապահովելը կարևոր մարտահրավեր է նաև լսարանային դասապրոցեսի կազմակերպման ժամանակ:
Խոչընդոտների մյուս խումբը տեխնիկական հասանելիության, մատչելիության խմբով կարելի է ներկայացնել: Սրանցով պայմանավորված՝ առցանց համաժամանակյա ուսուցման ընթացքում կարող են առաջանալ կապի ընդհատումներ, խոտան, որն էլ կազդի դասընթացի որակի վրա:
-Ինչպե՞ս կգնահատեք ասպիրանտների ներգրավվածությունն ու մոտիվացիան այս գործընթացում։
-2019-20թթ․ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ասպիրանտական կրթաստիճանում իմ կողմից դասավանդվող 2 դասընթացներին առցանց ուսուցման ձևաչափով սովորողների մոտիվացիան կարող եմ գնահատել բավական բարձր, իսկ ներգրավվածությունը մինչ այս պահը 100%: Կարծում եմ՝ առցանց ուսուցման գործիքակազմը ասպիրանտական կրթաստիճանում կարելի կլինի կիրառել նաև արտակարգ դրության ավարտից հետո ևս: Ինչպես արդեն նշեցի, սովորողների փոքրաթիվ քանակն այս կրթաձևին առցանց ուսուցման ձևաչափով շատ մեծ ճկունություն և մատչելիություն է հաղորդում: Մենք շատ հեշտ կարողանում ենք փոխել նախապես սահմանված օրը, ժամը, դասերը կարողանում ենք կազմակերպել երեկոյան ժամերին, տեղակայման իմաստով էլ սովորողները Երևան հասնելու անհրաժեշտություն չունեն:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ասպիրանտներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց առցանց կրթությունն էլ ավելի հետաքրքիր, հաճելի և օգտակար դարձնելու համար։
-Ասպիրանտուրայում սովորողների ինքնագիտակցության բարձր աստիճանը վերջիններիս ստիպում է լինել հետաքրքրված ու մոտիվացված: Հնչեցված հարցի համատեքստում, թերևս, մեզանից՝ դասավանդողներից, շատ ավելի բան է կախված:
Իսկ ընդհանուր խորհուրդը բոլորին` այս օրերին հորդորել մնալ տանը: