Թումանյան են ներկայացնում ՀՊՏՀ օտարերկրյա ուսանողները

20.02.2023
Դիտումների քանակ՝ 1128

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները սիրում և բարձր են գնահատում ոչ միայն ՀՊՏՀ հայ ուսանողներն ու դասախոսները, այլև միջազգային ծրագրերով ՀՊՏՀ-ում սովորող օտարերկրյա երիտասարդները։ Վերջիններս, մասնագիտական առարկաների ուսումնասիրությանը զուգընթաց, մեծագույն սիրով ու խանդավառությամբ ուսումնասիրում են աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ հայերենը, և կարճ ժամանակում արդեն արձանագրել են հիանալի արդյունք։

Այսօր, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված բաց դասի շրջանակում, օտարերկրյա ուսանողներից մի քանիսը, որոնք դեկտեմբերի առաջին տասնօրյակից հայերեն են սովորում, ասմունքեցին Մեծ լոռեցու քառյակները։ Հայոց լեզվի և գրականության հետ նրանց ամենայն սիրով և համբերատարությամբ ծանոթացնում է ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը։

«Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած ու նաև ՀՊՏՀ-ում սովորելու շնորհիվ մեր կրթության, մշակույթի ու ժողովրդի առանձնահատկությունների մասին դրական կարծիք ձևավորած արտասահմանցի ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթանում են ոչ միայն հայոց լեզվի քերականության ու բառապաշարի առանձնահատկություններին, այլև հայ գրականության լավագույն հեղինակների ստեղծագործություններին, և Թումանյանն այդ հեղինակներից առաջինն է։ Հանճարեղ լոռեցու՝ խոհական տրամադրություններով հագեցած փոքրիկ ստեղծագործությունները՝ քառյակները, նրանք անգիր սովորեցին և այս գեղեցիկ անակնկալը մատուցեցին»․ - մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Հակոբյանը և հույս հայտնեց, որ արտասահմանցի մեր ուսանողների համար հայ մշակույթն ու ՀՊՏՀ-ն կդառնան Հայաստանի հետ կրթական ու միջմշակութային համագործակցության կարևոր օղակ։