Հավանություն տրվեց Տնտեսագիտական համալսարանի 2020թ․ գործունեությանը․ առջևում նոր, հավակնոտ ծրագրեր են

22.01.2021
Դիտումների քանակ՝ 1408

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում կայացավ գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ, տ․գ․դ․, պրոֆեսոր Դիանա Գալոյանի նախագահությամբ։

Օրակարգի առաջին հարցը՝ ՀՊՏՀ 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մասին, զեկուցեց բուհի ղեկավարը՝ ներկայացնելով 2020թ․ գործունեության հիմնական արդյունքները և 2021թ․ բյուջեի նախահաշիվը։ Դիանա Գալոյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ բուհի հաշվետվությունը ներկայացվել է ըստ ՀՊՏՀ 2018-2022 թթ. զարգացման ռազմավարությամբ նախանշված գործողությունների ծրագրի, իսկ բյուջեն պլանավորվել է ծրագրային բյուջետավորման ձևաչափով։ Ռեկտորի ելույթին, որը հակիրճ ներկայացնում է բուհի տարեկան հաշվետվությունը, կարող եք տեսնել այստեղ։

Գիտական խորհուրդը հավանություն տվեց բուհի 2020թ․ գործունեության տարեկան  հաշվետվությանը։

Օրակարգի հաջորդ երկու հարցը պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին էին, զեկուցեց մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը։ Նրա ներկայացմամբ, պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար դիմել է ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Լուսինե Հարությունյանը, իսկ դոցենտի գիտական կոչում ստանալու համար դիմել են ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Քնարիկ Այվազյանը, ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Ամիրջանյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արթուր Առաքելյանը։ Արամ Սարգսյանը ներկայացրեց թեկնածուներին, նշեց, որ առկա են պահանջվող փաստաթղթերը, մրցութային հանձնաժողովի հավանությունը։ Հարցը դրվեց փակ, գաղտնի քվեարկության, արդյունքում ներկայացված բոլոր թեկնածուներին միաձայն շնորհվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ։ Ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհավորեց գործընկերներին, նշեց, որ նրանք արժանի են շնորհված կոչումներին և հույս հայտնեց, որ նրանց հետագա գործունեությունը ևս կլինի ի նպաստ ՀՊՏՀ-ի։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը զեկուցեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքին կարգապահական կանոնները,  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և ատեստավորման կանոնակարգը» հաստատելու մասին հարցերը, որոնք գիտխորհուրդն ընդունեց։ Բուհի ղեկավարը ներկայացրեց նաև  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվ պայմանագիրը քննարկելու մասին հարցը, որոշվեց փաստաթղթի վերաբերյալ լսել կոլեկտիվի առաջարկությունները, այնուհետև հարցը ներկայացնել անձնակազմի ընդհանուր ժողովում։

Օրակարգի հաջորդ հարցը, որը վերաբերում էր որոշ կրթական ծրագրերի լիցենզիաները դադարեցնելուն և վերալիցենզավորման ներկայացնելուն,  զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Որոշվեց՝ լիցենզիայի ստանալու համար ներկայացնել այն մասնագիտությունները, որոնք կայանում են և որոնց նկատմամբ պահանջարկը մեծ է։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը, ինպես նաև «ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակությունը երաշխավորելու մասին հարցը։ Պրոռեկտորը նշեց, որ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն երաշխավորվել է գիտական խորհրդին կից հրատարակչական հանձնաժողովի  2021 թվականի հունվարի 18-ի առցանց նիստում։ Գիտխորհուրդը հաստատեց ներկայացված հարցերը, ինպես նաև հրատարակության երաշխավորեց ժողովածուն։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին