«ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակում տարեվերջին տեղի է ունեցել համաժողով

Դիտումների քանակ՝ 2077

«Անկախ պետականությունը՝ որպես բարձրագույն կրթական համակարգի զարգացման նախադրյալ» խորագրի ներքո 2018 թվականի դեկտեմբերի 21-22-ը Աղվերանում կայացել է «Համալսարան-գործատու փոխշահավետ համագործակցության խոչընդոտները և զարգացման միտումները. «ԱՐԱՐԱՏ» ծրագրի կայունություն ու շարունակականություն» թեմայով արտագնա երկօրյա համաժողով: Այն կազմակերպվել էր ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ՝ Եվրոպական Միության Տեմպուսի «Համալսարան-գործատու» hայկական համակարգող գործակալություն («ԱՐԱՐԱՏ», Armenian Coordination Agency “University - Employer” (“ARARAT”)), № 530321-TEMPUS-1-2012-1-AM-TEMPUS-SMHES ծրագրի իրազեկման, ձեռք բերված արդյունքների տարածման և շարունակականության ու կայունության ապահովման նպատակով։ Կազմակերպիչ բաժինը միջոցառման վերաբերյալ մանրամասներ և լուսանկարներ է տրամադրել:
Համաժողովին մասնակցել են «ԱՐԱՐԱՏ» ծրագրի հայաստանյան գործընկեր հաստատությունների՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ), Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայ-ռուսական (սլավոնական), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական, Գավառի պետական, Գորիսի պետական համալսարանների, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները, գործատուներ և այլ շահակիցներ։ Համաժողովի առաջին օրվա ընթացքում, որը նվիրված էր որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) գործարկմանը, ներկայացվել են «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակում մշակված որակավորումների ոլորտային շրջանակների կազմման մեթոդաբանությունը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակավորումների ու վերջնարդյունքների սահմանման գործիքակազմը։ Ծրագրի արդյունքում մշակված կառավարում, ծրագրային համակարգերի ճարտարագիտություն և կրթություն/մանկավարժություն ոլորտների որակավորումների շրջանակները ներկայացնելուց հետո կազմակերպվել է քննարկում՝ ծրագրի արդյունքում մշակված ՈՈՇ մեթոդաբանության կիրառման արդյունավետության բացահայտման և որակավորումների ոլորտային շրջանակների լրամշակման նպատակով։
Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում, որը կրել է «Համալսարան-աշխատաշուկա համագործակցության մեխանիզմներ» խորագիրը, ներկայացվել են ծրագրի շրջանակում ստեղծված համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցը և ՈԱԱԿ կողմից մշակված բուհ-գործատու երկխոսության մշակված նոր մոդելի կիրառման փորձն ու դրա հիմնական սկզբունքները։ Առաջարկվող մոդելը «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակներում հաջողությամբ փորձարկվել է կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու մանկավարժության, այնուհետև ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ նաև թարգմանչության ոլորտներում։ Մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) մշակման առանցքային մոտեցումների և սկզբունքների սահմանման համար ներկայացվել ու համաժողովի մասնակիցների կողմից քննարկվել են նաև ՄԿԾ կառուցման հայեցակարգային հարցերը, միջոլորտային ծրագրերի կազմման առանձնահատկությունները։ Կազմակերպվել է գործատուների՝ ՀՀ կենտրոնական բանկի, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի, «Փարվանյան Քոնսալթինգ»-ի, ՀԳՀՄ-ի ներկայացուցիչների և կրթության փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկում՝ շահակիցների հետ «Բարձրագույն կրթության և աշխատաշուկայի միջև խզման վերացումը. գործատուների մասնակցությունը բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման գործընթացին» թեմայով։ Պանելային քննարկումը նպատակ է հետապնդել բացահայտելու և սահմանելու ՄԿԾ-ներում աշխատաշուկայի կարիքների բավարարման համար անհրաժեշտ իմացության (գիտելիք, հմտություն, կարողություն) ներառման մեխանիզմները՝ բարձրագույն կրթության ու աշխատաշուկայի միջև եղած խզումը հաղթահարելու համար։
Հիշեցնենք, որ «ԱՐԱՐԱՏ» ծրագրի նպատակն էր բարձրագույն կրթության արդիականության ու փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին և պահանջներին համապատասխանության ապահովումը՝ Հայաստանում համալսարան-աշխատաշուկա համագործակցության ցանցի ստեղծման ու գործարկման միջոցով։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին