ՀՊՏՀ ՈՒԳԸ 41-րդ նստաշրջանն ամփոփեց աշխատանքները

31.03.2023
Դիտումների քանակ՝ 1627

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բոլոր ջանքերը կներդնի՝ գիտական գործունեությամբ զբաղվող ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և Ուսանողական գիտական ընկերության շրջանակներում նրանց մասնակցությունը խթանելու ուղղությամբ»,- այսօր՝ մարտի 31-ին, ՈՒԳԸ 41-րդ նստաշրջանի ամփոփիչ միջոցառմանը հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։

Մրցութային հանձնաժողովը, որը ղեկավարում էր ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և որի կազմում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը, ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուներ Գայանե Ավագյանը, Անուշ Շիրինյանը, Գագիկ Բադադյանը, Մարիա Սահակյանը, Նարինե Միրզոյանը, Սրբուհի Իսրայելյանը, գնահատելով հոդվածների բովանդակությունը, գիտականությունը, ներկայացման որակը, հարցերին պատասխանելու ամբողջականությունն ու խորությունը, գնահատեց և ընտրեց լավագույններին՝ հայտարարելով հաղթողների անունները։

«Գիտությամբ զբաղվելը նման է գետի հոսանքին հակառակ շարժվելուն․ կանգնեցիր՝ հոսանքը կտանի»,- չինական հայտնի ասացվածքը մեջբերելով՝ Դավիթ Հախվերդյանը նկատեց՝ եթե ուսանողը գիտությամբ զբաղվելու ցանկություն ունի, ապա պարտավոր է շարունակել և չվախենալ սայթաքելուց։ Շնորհավորելով և իր աջակցությունը հայտնելով մրցանակակիրներին ու մասնակիցներին՝ նա նշեց, որ ուսանողների համար կարևոր է հետազոտական ու վերլուծական ունակությունների զարգացումը, ինչը կօգնի նրանց հետագայում՝ հաջող մեկնարկ դառնալով մասնագիտական գործունեության համար։

Եվ այսպես, ՈՒԳԸ 41-րդ նստաշրջանի համահամալսարանական փուլում մագիստրանտների շարքում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց Օֆելյա Կարախանյանը, 2-րդ և 3-րդ տեղերը՝ համապատասխանաբար Դիանա Օհանյանն ու Զավեն Մարգարյանը։

Բակալավրիատի մասնակիցներից լավագույնը ճանաչվեց Օսկար Այվազյանը։ 2-րդ տեղում Թերեզա Վարդանյանն է, 3-րդում՝ Նաիրա Սարգսյանը։

Առաջինից երրորդ տեղը գրաված մասնակիցները պարգևատրվեցին համապատասխանաբար 150 000, 100 000 և 50 000-ական ՀՀ դրամով։

Արմինե Քարամյանն ու Էմմա Ներսիսյանն արժանացան հատուկ մրցանակի՝ ստանալով խրախուսական նվերներ։ Նշենք, որ նստաշրջանին ներկայացված հոդվածները կտպագրվեն «Երիտասարդ գիտնական» ժողովածուում։

Պարգևատրման արարողությունից հետո ռեկտորը պատասխանեց ուսանողների հարցերին՝ ընդգծելով, որ համալսարանը պատրաստակամ է բաց և կառուցողական քննարկումներ ծավալել և բոլոր ջանքերը ներդնում է ուսանողների՝ հետազոտական աշխատանքներով զբաղվելու մոտիվացիան բարձրացնելու գործում։