Zleenk. կրթական հարթակ, որը միավորելու է Z սերնդին

08.04.2022
Դիտումների քանակ՝ 1776

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» նորարարական բաղադրիչով շահառու հանդիսացող սկսնակ ընկերությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է նախագիծ, որի նպատակն է սկսնակ բիզնեսի ներկայացուցիչներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով, տրամադրել գործնական կապերը ընդլայնելու նպաստավոր պայմաններ՝ բիզնեսը զարգացնելու համար։ Աքսելերացիոն ծրագրի շահառուներն են տարբեր բնույթի 6 ստարտափներ։ Ծրագրի շրջանակում փետրվարի 22-ից ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկել և շարունակվում է թեմատիկ դասընթացների, ինչպես նաև մենթորների հետ համագործակցության փուլը, որի ընթացքում մասնակիցներն արդեն ծանոթացել են ստարտափներում մտավոր սեփականության պաշտպանության խնդիրներին, ֆինանսավորման փուլերին և ներդրումային գործիքներին, ֆոնդահայթայթմանը, թվային մարքեթինգին և բրենդինգին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը ծրագրի մասնակից 6 ստարտափներին ներկայացնող հրապարակումների շարք է սկսում։ Առաջին հրապարակումը նվիրված է Zleenk ստարտափին, որն ինքնատիպ կրթական-տեխնոլոգիական հարթակ է: Ծանոթությունը սկսենք Zleenk-ի ստեղծման պատմությունից։

Ինչպե՞ս ծնվեց ստարտափը

2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմը, լավագույն ընկերոջ կորուստը Կիմա Առաքելյանին, Դիանա Ղաբուզյանին և Լևոն Ավետիսյանին ավելի մոտեցրին այն գաղափարին, որ երկրի ապագան պետք է կառուցել որակյալ կրթության հենքի վրա։ Նրանք ստեղծեցին Zleenk կրթական հարթակը՝ համախմբելու 13-18 տարեկան դպրոցականներին և միասին, կրթության բարելավման ճանապարհով կառուցելու Հայաստանի նոր ապագան։ «Մեծ մոտիվացիա է, երբ ցանկանում ես մի բան վերադարձնել քո երկրին՝ ի պատասխան այն ամենի, ինչ ինքն է քեզ տվել 24 տարի շարունակ (ստարտափի նախաձեռնողները 24 տարեկան են)։ Մենք համոզված ենք, որ կրթության շուրջ է կառուցվում ապագան։ Դա մեր հավատամքն է»,- ասում է Դիանան:

Ովքե՞ր են ստարտափը նախաձեռնողները

Կիմա Առաքելյանը դպրոց է հաճախել Սպիտակում, ապա Հայաստանում ֆրանսիական համալսարանում ստացել է բակալավրական կրթություն։ Աշխատելով միջազգային կազմակերպության աուդիտի բաժնում՝ շարունակել է մագիստրատուրան Ֆրանսիայի NEOMA բիզնես դպրոցում, որտեղ էլ ծնվել է Զլինկի գաղափարը։ Այնուհետև այն հաստատվել է KPMG France-ի կողմից, և Կիման վերադարձել է Հայաստան` ծրագիրն իրագործելու։ Նա բազմաբնույթ հետաքրքրություններ ունի՝ ազգային պարեր, ճամփորդություն և փազլ։

Լևոն Ավետիսյանը սովորել է «Քվանտ» վարժարանում, հետո ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանն ու այժմ Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի մագիստրանտ է։ Նա Զլինկի համահիմնադիրն է, կատարում է հավելվածի ծրագրավորումը: Լևոնը պատմության գիտակ է, հետաքրքրված է գիտության առաջընթացով:

Դիանա Ղաբուզյանը սովորել է «Այբ» ավագ դպրոցում, այնուհետև Հայաստանում ֆրանսիական համալսարանում ստացել բակալավրական կրթություն։ Այժմ սովորում է Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայում։ Դիանան Զլինկի համահիմնադիրն է: Աշխատանքային փորձ է կուտակել «Այբ» կրթական հիմնադրամում և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակում։ Դասերից բացի, նա զբաղվում է ազգային պարերով, մասնակցում արշավների։

Ի՞նչ է Զլինկը, ո՞ւմ համար է և ի՞նչ է առաջարկում

Զլինկը 13-18 տարեկան հայախոս պատանիների համար նախատեսված հեռախոսային կրթական հավելված է, որն անվճար հասանելի է և պահանջում է գրանցում։ Միակ պահանջը տարիքային շեմն է: «Սա այն տարիքն է, երբ պատանիները պետք է սկսեն մասնագիտական որոնումները»,- համոզված են ստարտափի հեղինակները։ Հավելվածում գրանցվելուց հետո պատանիները կարող են օգտվել վիդեոդասերից, դիտել տարբեր մասնագիտությունների մասին պատմող տեսանյութեր և առաջադրանքների միջոցով պարզել՝ արդյո՞ք իրենք ցանկանում են ընտրել այն մասնագիտությունը, որի շուրջ մտածել են։ «Վիդեոդասերն անցկացնում են մարդիկ, որոնց մենք ենք ընտրում, որոնք կարող են հրաշալի կերպով ներկայացնել տվյալ մասնագիտությունը և պատանիների մեջ կրթության նկատմամբ կայծ վառել։ Հավելվածն ամբողջությամբ խաղարկային է, այսինքն՝ ցանկացած ակտիվությունից պատանիները միավորներ են հավաքում, որոնք հետագայում կարող են օգտագործել ճամբարների, տարբեր միջոցառումների մասնակցելու համար»,- պատմում է Դիանան։

Զլինկի երկրորդ գլխավոր ուղղությունը համայնքների ստեղծումն է պատանիների հետաքրքրությունների շուրջ։ «Մենք կարծում ենք, որ դպրոցում երեխաներին շատ է պակասում մոտիվացնող միջավայրը։ Համոզված ենք, որ կրթությամբ հետաքրքրված պատանիներին համախմբելով՝ ինչ-որ չափով կկարողանանք լրացնել ֆիզիկական աշխարհում, դպրոցներում բացակայող մոտիվացնող միջավայրը։ Այսինքն՝ մենք ուզում ենք օգնել դպրոցներին, ուզում ենք ցույց տալ, որ կա այլընտանք»,- պարզաբանում է Դիանան։

Ինչո՞ւ Zleenk/Զլինկ

«Զլինկ, ոչ թե՝ զը լինկ, ը-ն չի արտաբերվում։ Քանի որ ստարտափը թիրախավորում է Z սերնդին (1995-1997 թվականներից հետո ծնված սերունդն է), անգլերենից վերցրել ենք Z-ը ու լինկ (հղում) բառը, որը նշանակում է կապել իրար։ Այսինքն՝ մեր նպատակն է այդ սերնդին կապել-հղել իրար, ստեղծել այդ տարիքի պատանիների համայնք»,- պարզաբանում է Դիանան։

Ե՞րբ է հիմնադրվել Զլինկը

Զլինկը գրանցվել է 2021 թ. հունիսին, որից հետո նախաձեռնության հեղինակները սկսել են հանդիպումների շարք, քննարկումներ իրականացրել, այլ կերպ ասած՝ «եփել» գաղափարը։ «Իրականում դժվար և բարդ պրոցես էր՝ Հայաստանի 17 համայնքներում կազմակերպել ենք մեկօրյա հանդիպում-ճամբարներ, գնում էինք գյուղեր, երեխաների հետ քննարկումներ կազմակերպում, տեղում ներկայացնում էինք մեր հավելվածը, ներբեռնում, փորձարկում, այսինքն՝ հենց «առաջին ձեռքից» էինք ծանոթանում այն երեխաների հետ, որոնց համար նախատեսված է հավելվածը։ Իսկ հետո, երբ ԲՏԱ նախարարությունից ստացանք մեր դրամաշնորհը, արդեն կարող էինք անցնել գործնական փուլին: Մենք նաև գտանք մեր ծրագրավորողին, որը ոչ միայն հավանեց գաղափարը, այլև դարձավ համահիմնադիր»,- ուրախությամբ հիշում է Դիանան։

Ստարտափի գործունեությունը՝ թվերով

Հավելվածին միացել է/գրանցվել է 1482 աշակերտ ամբողջ Հայաստանից, առավելապես՝ մարզերից: Կազմակերպվել է 20 ճամբար, 34 մասնագիտական կողմնորոշման դաս, նկարահանվել է 6 դասընթացի կուրս, ևս 6-ն ընթացքի մեջ է, անցկացվել է 6 մրցույթ և 80 լայվ դաս։

Զլինկը՝ միջազգային բրենդ. տեսլական

«Մեր կազմակերպության ապագան տեսնում ենք որպես կրթության ոլորտի միջազգային բրենդ, որը կարելի է արտահանել համանման խնդիրներ ուենցող այլ երկրներ»,- ասում է մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ստարտափից բիզնեսի վերաճելու հնարավորությանը, Դիանան ասաց. «Այս պահին, բացի այս դրամաշնորհից, այլ ֆինանսավորում չունենք, աշխատում ենք զուտ մեր էնտուզիազմով, բայց դա չի նշանակում, որ ապագայում չենք ունենալու մոնետիզացիայի /հեղ․ փողի վերածում/ մոդելներ։ Մենք հիմա ակտիվորեն համագործակցում ենք կազմակերպությունների հետ, փաթեթներ ենք առաջարկում, ներկայացնում, թե իրենք ինչի համար կարող են դառնալ աջակից։ Կարող են լինել նաև նվիրատվություններ, ֆինանսավորման մոդելներ շատ կան»։

ՀՊՏՀ Change Lab-ում ընթացող աքսելերացիոն ծրագրի մասին

Ստարտափի նախաձեռնողները դասընթացներից գոհ են, ոգևորված։ «Մեզնից յուրաքանչյուրը մի քանի թեմայով դասի է մասնակցել, շատ լավ է անցել։ Հետաքրքիր դասերից ստացած տպավորությունները իրար ենք փոխանցում, քանի որ չենք կարողանում բոլորս ներկա գտնվել։ Հատկապես գոհ ենք մեր մենթոր Վադիմ Գրիգորյանից, և դասընթացավար Հայկազ Արամյանից։ Նրանք ոչ միայն դասախոսում են, այլև նոր գիտելիք են փոխանցում, փորձում են մեզ համար անել լավագույնը»։