ՀՊՏՀ – Գդանսկի համալսարան էրազմուսյան համագործակցությունը խոստանում է լինել արդյունավետ

11.04.2022
Դիտումների քանակ՝ 1207

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում մարտի 26-ից ապրիլի 1-ը Լեհաստանում էր ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ․գ․թ․ Ալբերտ Հայրապետյանը։ Գդանսկի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտների համար նա դասախոսել է միջազգային առևտրի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի թեմաներով։

Ալբերտ Հայրապետյանի փոխանցմամբ՝ մագիստրանտները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դասախոսությունները, որոնք մերթընդմերթ ընդմիջվել են աշխույժ քննարկումներով։

ՀՊՏՀ դասախոսը հանդիպումներ է ունեցել Գդանսկի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների հետ, հատկապես արդյունավետ են եղել տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Մոնիկա Բակի, փոխդեկաններ Պրժեմիսլավ Բոռկովսկու և Մագդալենա Մարկևիչի հետ քննարկումները։

Լեհ գործընկերներին Ալբերտ Հայրապետյանն իր պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու համագործակցության հնարավորությունները հիշյալ ֆակուլտետի և «Ամբերդի» միջև, խորացնելու և զարգացնելու առկա ծրագրերը, համատեղ հետազոտությունների իրականացման պայմանավորվածություն է ձեռք բերել, ինչպես նաև Մագդալենա Մարկևիչի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական հարցեր: Հանդիպել է նաև Գդանսկի այն դասախոսների հետ, որոնք պատրաստվում են մայիսին փոխադարձ այցով ժամանել ՀՊՏՀ։

Գդանսկի համալսարանից ՀՊՏՀ դասախոսը վերադարձել է վառ տպավորություններով: «Սա կրթության մեջ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ աչքի ընկնող եվրոպական համալսարաններից է։ Տպավորված եմ ուսումնագիտական աշխատանքների և կրթության որակով։ Մեծ բավականություն եմ ստացել թե´ դասախոսների հետ հանդիպումներից, թե´ կրթական բարձր մակարդակով աչքի ընկնող ուսանողների հետ շփումներից։ Հիանալի էր նաև ակադեմիական միջավայրը՝ իր ենթակառուցվածքներով և հարմարավետությամբ», -ասաց Ալբերտ Հայրապետյանը և հույս հայտնեց, որ լեհական համալսարանի հետ համագործակցությունը ցանկալի արդյունք կարձանագրի: