Գրքի տոնի առիթով բացվում է գրամշակութային ակումբ
Հարգելի´ գրքասեր, ընթերցասեր բարեկամներ,
Գրքի տոնի առիթով ՀՊՏՀ լեզուների ամբիոնը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ... Ընտրել ես տնտեսագետի մասնագիտությունը, բայց անտարբեր չես մշակույթի, գրականության հանդեպ։ Մեծապես հետաքրքրվա՞ծ ես ոչ միայն հայ և համաշխարհային դասական, այլև ժամանակակից գրականությամբ, գրական կյանքի զարգացումներով․․․ Ինքդ էլ ստեղծագործո°ւմ ես․․․ Ուրեմն այս նորությունը հենց քեզ կհետաքրքրի․ ՀՊՏՀ-ում բացվում է գրամշակութային ակումբ, որի անդամ կարող են դառնալ բուհի թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, թե՛ վարչական աշխատողները։ Դարձի՛ր ակումբի անդամ, մասնակցի՛ր գրքերի քննարկումների, ժամանակակից գրականության վառ ու հետաքրքիր ներկայացուցիչների հետ հանդիպումների։ Ընդլայնի՛ր մտահորիզոնդ, կոտրի՛ր իրականության գորշությունը, կյանքդ դարձրո´ւ ավելի գունեղ ու պայծառ․․․
Առաջին հանդիպումը տեղի կունենա ս․թ․ փետրվարի 25-ին՝ ժամը 13։20, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 217 լսարանում։ Գրամշակութային ակումբի գործունեության նպատակն է՝
- կազմակերպել ժամանակակից գրողների հետ հանդիպումներ,
- «Մեկ ամիս՝ մեկ գիրք» նախագծի շրջանակում նախապես ընտրել հայ կամ համաշխարհային գրականության արժեքավոր որևէ ստեղծագործություն, հայտարարել վերնագիրը, ապա կազմակերպել գրքի քննարկում՝ ուսանողների և դասախոսների գործուն մասնակցությամբ,
- կազմակերպել ստեղծագործող ուսանողների գրքերի շնորհանդես-քննարկումներ,
- թարգմանել համաշխարհային գեղարվեստական, նաև գիտական-մասնագիտական գրականության հետաքրքրիր նմուշներ։
Նախաձեռնության հեղինակն է լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը: