Հայտարարվում է լրացուցիչ մրցույթ` թափուր տեղերի համար

19.07.2020
Դիտումների քանակ՝ 1210

Հարգելի՛ դիմորդներ, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 մայիսի 21-ի «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) և բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» 826-Ն որոշմամբ սահմանված է նաև լրացուցիչ մրցույթի անցկացում հետևյալ պայմաններով.

VI. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

73․ Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00-ը:

74․ Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են վճարովի համակարգում թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները:

75․ Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝

1) եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր.

2) եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության աստղանիշով (*) առարկաների ցանկում:

Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:

76․ Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին: