Հավելավճար՝ գիտաշխատողներին

28.10.2014
Դիտումների քանակ՝ 465

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող  գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծախսային ծրագրի ֆինանսական միջոցներից: Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում` առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների մեկ տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 դրամ հավելավճար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, ինչպես նաև hավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանի Հանրապետությունում:

Մանրամասները հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=7040&lang=arm: