Պաշտպանության նախարարը կհյուրընկալվի ՀՊՏՀ-ում

11.09.2014
Դիտումների քանակ՝ 504

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10.00, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կհյուրընկալվի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ 
Նախարարը բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ծաղկեպսակ կդնի ՀՊՏՀ բակում տեղադրված «Զոհերի հիշատակին» նվիրված հուշաքարի մոտ: Այնուհետև կմասնակցի ուսանող-ազատամարտիկների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին կից կգործի նաև թանգարան: Լսարանի բացմանը, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, ներկա կլինեն նաև զոհված ուսանող-ազատամարտիկների ընտանիքների անդամները, հարազատներն ու մարտական ընկերները: 
Լսարանի բացման արարողությունից հետո ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում կկայանա «1-ը դարձնենք 100» խորագիրը կրող ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող նյութերով հարստացնելուն: 
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Պաշտպանության նախարարի հետ հանդիպմամբ կտրվի բուհի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Հայտարարությունը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից: