«ՀՊՏՀ շրջանավարտ-2019». հանդիսավոր միջոցառմամբ կհանձնվեն դիպլոմները

28.06.2019
Դիտումների քանակ՝ 4680

ՀՊՏՀ 2018-2019 ուսումնական տարվա հարգելի շրջանավարտներ, հուլիսի 3-ին, ժամը 18.00-ին ՀՊՏՀ բակում կկայանա «ՀՊՏՀ շրջանավարտ-2019» հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում ՀՊՏՀ առկա բակալավրիատի շրջանավարտներին կհանձնվեն ավարտական վկայականները (դիպլոմ):

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը և ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ ներկայացնելով միջոցառման մանրամասները:

Միջոցառումը բաղկացած է երկու մասից՝ պաշտոնական արարողությունից և ժամանցային մասից: Պաշտոնական արարողությանը հրավիրվել են մասնակցելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, ովքեր կշնորհավորեն ՀՊՏՀ շրջանավարտներին և հանդիսավոր կերպով կհանձնեն դիպլոմները: Այնուհետև, պաշտոնական արարողությանը կհաջորդի միջոցառման ժամանցային հատվածը, որի ընթացքում ուսանողներին սպասվում են մրցանակներ և անակնկալ նվերներ:

Միջոցառմանը հրավիրվում են մասնակցելու բոլոր կրթաձևերի շրջանավարտները, սակայն ավարտական վկայականներ կստանան միայն առկա բակալավրիատի շրջանավարտները: Հիշեցնենք նաև, որ այն շրջանավարտները, ովքեր ցանկանում են դիպլոմ ստանալ «ՀՊՏՀ շրջանավարտ-2019» միջոցառման ընթացքում, պետք է տեղեկանքով և անձնագրով ներկայանան համալսարանի գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկ, 327 լսարան՝ նշված օրերին  և ժամերին՝գրանցամատյանում ստորագրելու համար:

Առկա մագիստրատուրայի և հեռակա բակալավրիատի դիպլոմների հանձնման վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ հայտարարություն: