Պարզաբանում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 ուստարվանից ընդունելություն չհայտարարելու մասին

21.02.2022
Դիտումների քանակ՝ 1002

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը հիմնադրվել է Վայոց ձորի մարզում՝ ՀՊՏՀ կանոնադրական նպատակների իրագործման նպատակով։

Ելնելով ՀՊՏՀ կանոնադրական նպատակներից՝ մասնաճյուղի համար որպես ռազմավարական նպատակներ են սահմանվել՝

  1. մարզում որակյալ բարձրագույն կրթության ծառայությունների մատուցումը,
  2. բարձրագույն կրթության հասանելիության և մատչելիության աստիճանի մեծացումը,
  3. սեփական հետազոտություններով մարզի զարգացման ծրագրերին աջակցությունը,
  4. մարզի տնտեսագետ կադրերի համախմբմամբ և վերջինների գիտական հրապարակումներին նպաստմամբ մարզային գիտության զարգացումը։

Նշյալ նպատակներից, թերևս, ամենաառանցքայինը մարզի ավագ դպրոցների և ՄՄԿ հաստատությունների շրջանավարտների համար որակյալ բարձրագույն կրթության և, մասնավորապես, տնտեսագիտական կրթության հասանելիության և մատչելիության ապահովումն է։

Այդ նպատակով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում առկա բակալավրի կրթական ծրագրերի տարեկան ուսման վարձը շուրջ 42%-ով ցածր է սահմանվել Երևանի կրթահամալիրի տարեկան ուսման վարձից և 22%-ով՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսման վարձից։ Առկա մագիստրոսի կրթական ծրագրերի տարեկան ուսման վարձը 40-47%-ով ցածր է սահմանվել Երևանի կրթահամալիրի տարեկան ուսման վարձից և 38%-ով՝ Գյումրու մասնաճյուղի ուսման վարձից։ Իսկ հեռակա բակալավրի կրթական ծրագրերի տարեկան ուսման վարձը շուրջ 33%-ով ցածր է սահմանվել Երևանի կրթահամալիրի տարեկան ուսման վարձից և 25%-ով՝ Գյումրու մասնաճյուղի ուսման վարձից։

2015-2021 թթ. Վայոց ձորի մարզից տարեկան միջինում ՀՀ բուհեր դիմել է 220 շրջանավարտ, որոնցից ՀՀ բուհեր միջինում ընդունվել են 192-ը կամ բոլոր դիմորդների 83%-ը։ Բուհ ընդունվողների ընդամենը 10%-ն է ընդունվել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, իսկ 90%-ը նույն ժամանակամիջոցում ընդունվել է Երևան քաղաքում տեղակայված բուհեր։ Համեմատության համար՝ 2020 և 2021 թվականներին Շիրակի մարզից ՀՀ բոլոր բուհերի դիմորդների 53%-ը դիմել և ընդունվել է մարզային բուհեր, Լոռու մարզում բոլոր դիմորդների 48%-ը դիմել և ընդունվել է մարզի բուհեր, Տավուշի մարզում 40%-ը դիմել և ընդունվել է մարզի բուհեր։

Եթե Վայոց ձորի մարզի բոլոր դիմորդների թվում ընդունվողների տեսակարար կշիռը 7 տարիներին Երևան քաղաքում տեղակայված բուհերում կազմել է 83%, ՀՊՏՀ Երևանի կրթահամալիրում 81%, ապա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում այս ցուցանիշը միջինում կազմել է ընդամենը 60% (2021-ին՝ 52%)։ Համեմատության համար՝ Շիրակի մարզից Երևանի բուհեր դիմածների 78%-ը և մարզի բուհեր դիմածների 77%-ը վերջնարդյունքում ընդունվել են։ Լոռու մարզից ընդունվել են Երևանի բուհեր դիմածների 85%-ը և մարզի բուհեր դիմածների 72%-ը։ Տավուշի մարզից ընդունվել են Երևանի բուհեր դիմածների 76%-ը և մարզի բուհեր դիմածների 81%-ը։

Ակնհայտ է, որ մարզում ավելի մատչելի տարեկան ուսման վարձի չափ և ուսմանը հարակից այլ հավելյալ ծախսեր (բնակարանի վարձակալություն, հավելյալ կոմունալ և կենցաղավարման ծախսեր) չպահանջող բուհի առկայության պարագայում մարզի դիմորդների շուրջ 90%-ի կողմնորոշվածությունը հենց դեպի Երևան քաղաքում տեղակայված բուհեր փաստում է այն մասին, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը, այնուամենայնիվ, չի ապահովել մարզի շրջանավարտների համար ավելի մատչելի այլընտրանքի իր գործառույթը և, որպես հետևանք, չի իրականացրել մարզի շրջանավարտների համար բարձրագույն կրթության հասանելիության ապահովման և մարզի շրջանավարտներին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մարզում պահելու ռազմավարական նպատակը։

Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից ամենածանրակշիռն այն է, որ, ի տարբերություն այլ բուհերի մասնաճյուղերի և մարզային նշանակության բուհերի, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը նեղ մասնագիտացված պրոֆիլային բուհ է, որը կրթական ծրագրեր է առաջարկում և կարող է իրականացնել բացառապես բարձրագույն կրթության տնտեսագիտության և գործարար վարչարարության մասնագիտություններով՝ ի տարբերություն այլ մարզային բուհերի և մասնաճյուղերի։

Սակայն, ստեղծված խնդիրը միայն նեղ մասնագիտական պրոֆիլով չի պայմանավորված։ Մասնավորապես, քննությունների արդյունքներով բուհ ընդունվելուց հետո ուսման վարձը վճարած և իբրև ուսանող հրամանագրվածների դինամիկայի վերլուծությունը փաստում է, որ ՀՊՏՀ Երևանի կրթահամալիրում վերջին 7 տարիներին տարեկան միջինում առկա կրթաձև ընդունվել և ուսանող է դարձել Վայոց ձորի մարզի 15 շրջանավարտ, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղում՝ 14։ Եվ սա՝ չհաշված Վայոց ձորի այն շրջանավարտներին, որոնք ընդունվել և դարձել են ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի, Սլավոնական համալսարանի և ՀԱՊՀ-ի տնտեսագիտական կրթական ծրագրերի ուսանողներ։ Համեմատության համար՝ 2015-2021 թթ. Շիրակի մարզից ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ դիմորդների և ընդունվողների թիվը շուրջ 2,5 անգամ գերազանցում է նույն մարզից ՀՊՏՀ Երևանի կրթահամալիր դիմորդների և ընդունվողների թիվը։

Ստացվում է, որ Եղեգնաձորի մասնաճյուղը անգամ մարզի՝ դեպի տնտեսագիտության, գործարարության ու վարչարարության կրթական ծրագրեր կողմնորոշված դիմորդների համար չի ապահովում ավելի մատչելի այլընտրանքի իր գործառույթը։

Վերջին կարևոր խնդիրը կապված է մարզի սոցիալ-ժողովրդագրական պայմանների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզը ինչպես բնակչության, այնպես էլ դիմորդների թվով ՀՀ ամենափոքր մարզն է և ընդհանուրի մեջ ունի ամենափոքր տեսակարար կշիռը, ինչը մարզում որակյալ բուհական կրթություն ապահովելու տեսանկյունից, անգամ մարզի բոլոր դիմորդներին մարզում պահելու պարագայում, որևէ հնարավորություն չի ընձեռում (նկատի է առնվում որակյալ կրթական ենթակառուցվածքներ և ակադեմիական կազմ ձևավորելու, պահպանելու ու հետևողականորեն զարգացնելու ֆինանսական բաղադրիչը)։ Այսինքն՝ անգամ մասնագիտությունների թվի ավելացումը և մասնաճյուղին մարզային բուհերի մոդելով հավելյալ լիցենզիաների տրամադրումը, միևնույն է, չեն ձևավորելու այնպիսի պայմաններ, որ որևէ հաստատություն կարողանա մարզում ծավալել արդյունավետ գործունեություն և մատուցել որակյալ կրթական ծառայություններ կամ գոնե այլ մարզերի բուհերի հետ համադրելի որակ ունեցող ծառայություններ։

Հատկանշական է, որ 2015-2021 թթ. ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա բակալավրի պլանային տեղերի միջինում 72%-ը (2021-ին՝ 78%-ը) այդպես էլ չի համալրվել։ Այս պայմաններում ՀՊՏՀ-ն 3 կրթական ծրագրեր ընդունված դիմորդներին հրամանագրել է 1 կրթական ծրագրում։ Սրանով «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ը չի կարողացել ապահովել նաև դիմորդներին՝ իրենց նախընտրած մասնագիտությանը համարժեք կրթական ծառայություն մատուցելու ստանձնած առաքելությունը։ Նշյալ գործընթացը մշտապես իրականացվել է լիազոր մարմնի և հանրապետական ընդունող հանձնաժողովի թույլտվությամբ: Այդ պարագայում, անձը, ով իրապես ցանկացել է դառնալ ֆինանսիստ, ստիպված է եղել սովորել միայն կառավարում մասնագիտությամբ ու ստանալ կառավարչի որակավորում։

Ինչպես «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ը, այնպես էլ լիազոր մարմինը ստիպված են եղել մասնաճյուղի կտրվածքով «համակերպվել» հենց մեկնակետում կրթության որակի, լիցենզավորման պայմանների, ընդունելության պայմանների խախտման փաստի հետ, ինչի միակ պատճառը հանդիսացել է կրելիք էական ֆինանսական վնասների որևէ կերպ նվազեցումը։

Մյուս կողմից, մասնաճյուղի կրթական ծրագրերի աղճատված ժամային ծանրաբեռնվածությունը, լիարժեք դրույքներով աշխատելու պարագայում աշխատավարձի ֆոնդի շեշտակի ավելացումը հնարավորություն չեն ընձեռում համալսարանին՝ լուծելու գոնե մարզի կադրերին միավորելու և վերջինների գիտական նախաձեռնություններին նպաստելու կանոնադրական նպատակները։ Ավելի՛ն, մարզում համապատասխան գիտական աստիճան և կոչում ունեցողների փոքր թիվը, մասնաճյուղում դասավանդելու ցանկություն ունեցողների թիվը ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ մասնաճյուղում չեն ապահովվում կամ էական բարդություններով են ապահովվում անգամ լիցենզավորման պահանջները։

Հատկանշական է, որ անգամ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի դրամաշնորհների շրջանակներում Վայոց ձորի խնդիրներին առնչվող երկու հետազոտական թեմաները կատարվել են ոչ թե Եղեգնաձորի մասնաճյուղի ակադեմիական կազմի ջանքերով, այլ առավելապես «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի Երևանի կրթահամալիրի հիմնական ակադեմիական կազմի ներգրավմամբ։

Միևնույն ժամանակ, մասնաճյուղում անընդհատ վնասով աշխատելու և ֆինանսական միջոցների սղության հանգամանքը «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ը զրկում է կրթության որակի բարձրացման նպատակով կրթական ենթակառուցվածքների զարգացման (իրականում նաև ձևավորման) հնարավորությունից։ Մասնավորապես.

  • մասնաճյուղի շենքային պայմանները չեն համապատասխանում բուհական կրթական միջավայրի ապահովման նվազագույն պահանջներին և առկա չեն միջոցներ՝ դրանք բարեկարգելու համար,
  • մասնաճյուղը չունի կենտրոնացված ջեռուցում և ցուրտ եղանակային պայմաններում ջեռուցվում է անհատական տաքացուցիչներով,
  • մասնաճյուղում ՏՏ միջոցներով հագեցվածությունը ցածր մակարդակի վրա է,
  • առանձնացված սերվերների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում գործարկելու ՀՊՏՀ Երևանի և Գյումրու կրթահամալիրներում ներդրված moodle և ums համակարգերը,
  • գրադարանային ֆոնդը հիմնականում հնացած է, միջոցների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում թարմացնելու գրականության ֆոնդը, իսկ moodle համակարգի բացակայությունը՝ հասանելի դարձնելու ուսանողների համար առկա գրականության թվայնացված տարբերակները,
  • մարզում քիչ են համապատասխան որակավորում ունեցող դասավանդող կադրերը (գիտական աստիճան և կոչում ունեցող), իսկ մասնաճյուղում դասավանդման էապես ցածր վարձատրությունը անհնարին է դարձնում մասնավոր հատվածում աշխատող որակյալ կադրերի ներգրավումը։

Ամփոփելով արձանագրենք, որ համալսարանն ահռելի վնասներ է կրում՝ չլուծելով ո՛չ որակյալ կրթության, ո՛չ կրթության մատչելիության ապահովման, ո՛չ մարզի գիտնականների ներառման և ո՛չ էլ մարզի տնտեսական կյանքում կատարվող ու հրապարակվող հետազոտություններով դերակատարում ունենալու խնդիրները, ինչն էլ պատճառ է դարձել, որ ՀՊՏՀ գիտական խորհրդը որոշում ընդունի 2022-2023 ուսումնական տարվանից ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ընդունելությունը դադարեցնելու մասին: «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ը հանձն է առել առաջին հերթին որակյալ կրթական ծառայությունների մատուցումը, ինչի համար հաշվետու է համայնքին և Հայաստանի Հանրապետությանը։