Նոյեմբերի 7-ին և 8-ին Երևանում կկայանան «Էրազմուս+»-ի տեղեկատվական օրերը

30.10.2019
Դիտումների քանակ՝ 1039

«Էրազմուս+»-ի հայաստանյան գրասենյակը հայաստանյան բուհերի, նախարարությունների, բարձրագույն կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու «Էրազմուս+» երևանյան տեղեկատվական օրերին, որոնք կանցկացվեն նոյեմբերի 7-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նոյեմբերի 8-ին ՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ալեք Մանուկյան մասնաշենքում։ Տեղեկատվական օրերի ընթացքում կհրապարակվեն «Էրազմուս+» ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Առաջարկների ներկայացման մրցույթում, կներկայացվեն «Էրազմուս+» բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, Ժան Մոնե Գործողություններ) մանրամասները, ինչպես նաև տեղի կունենան պանելային քննարկումներ ՝ընթացիկ ծրագրերն իրականացնող հայաստանյան համակարգողների և բուհական թիմերի մասնակցությամբ։ Այս տարի «Էրազմուս+»-ի հայաստանյան գրասենյակը հրավիրել է մասնակիցների Իսպանիայի «Էրազմուս+» ազգային գործակալությունից և տարբեր իսպանական բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ նպատակ ունենալով նպաստելու երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի հաստատմանը և ամրապնդմանը, ինչպես նաև բացահայտելու «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում բուհական համագործակցության նոր հեռանկարները: Նոյեմբերի 8-ի միջոցառման երկրորդ հատվածը նվիրված կլինի հայ-իսպանական կոնտակտային նիստին: Աշխատանքային լեզուներն են անգլերենն ու հայերենը: Կապահովվի անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Միջոցառումներին գրանցումը պարտադիր է: Կարող եք գրանցվել այստեղ:

Միջոցառման օրակարգը՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: