«Էրազմուս+» տեղեկատվական օրեր Երևանում. հրավիրվում են ՀՊՏՀ ուսանողներն ու աշխատակիցները

25.10.2018
Դիտումների քանակ՝ 638

ՀՊՏՀ հարգելի աշխատակիցներ և ուսանողներ, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակից սիրով տեղեկացնում են, որ 2018թ. նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվեն «Էրազմուս+» Տեղեկատվական օրերը Երևանում: Տեղեկատվական օրերի ընթացքում կհրապարակվեն Ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2019թ. «Էրազմուս+» առաջարկների ներկայացման մրցույթում։ Երկօրյա միջոցառման ընթացքում դիտարկվելու են «Էրազմուս+» բարձրագույն կրթության և երիտասարդության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաև երիտասարդական շարժունություն, երիտասարդության կարողությունների զարգացում) մանրամասները։
Երկօրյա միջոցառմանը ներկա են լինելու ներկայացուցիչներ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, ԵՄ պատվիրակությունից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից, բիզնես ոլորտից և այլ շահառու կազմակերպություններից: Այս տարի «Էրազմուս+» հայաստանյան գրասենյակը հրավիրել է Բելառուսից և Լեհաստանից խոսնակների, ովքեր կկիսեն իրենց ազգային փորձը Էրազմուս+ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը կներկայացնի «Էրազմուս+» ակադեմիական շարժունության արդյունավետ կառավարման, Կարողությունների զարգացման ծրագրերի հայտերի մշակման իր փորձը: Լեհաստանի «Էրազմուս+» ազգային գործակալության Բարձրագույն կրթության շարժունության բաժնի համակարգող Դոռոտա Ռիտվինսկան կներկայացնի այն կառավարման մեխանիզմներն ու ընտրության չափանիշները, որոնք կիրառվում են Միջազգային կրեդիտային շարժունության դրամաշնորհային առաջարկների գնահատման գործընթացում:
Միջոցառման ընթացքում Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ը կծանոթացնի «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից հայ երիտասարդներին, պետական և հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ընձեռվող կրթական, վերապատրաստման, փորձի փոխանակման և պրակտիկայի հնարավորություններին։
Աշխատանքային լեզուներն են անգլերենն ու հայերենը: Կտրամադրվի անգլերեն- հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Կից ներկայացվում է միջոցառման նախնական օրակարգը: