Բեռլինում կայանալիք միջազգային դասընթացների մասնակցության բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան Բեռլինում (Գերմանիա) մասնակցելու հետևյալ խորագրերով միջազգային դասընթացներին՝ «Ատելության դրսևորումների հանդեպ անտարբերության հաղթահարումը» /Silence Hate/ (դեկտեմբերի 2-ից 9) և «Ընտրություն կատարելու կարևորությունը» /It's About Choice/ (դեկտեմբերի 2-ից 9)։
Դասընթացներով հետաքրքրված ուսանողները մինչև ս.թ. հոկտեմբերի 26-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի հիման վրա։
«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան հոգալու է միայն դասընթացի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը։ Ճամփորդության ծախսերը կհոգա մասնակիցը։
Covid-19-ի համավարակի պատճառով Գերմանիա մեկնելուց առաջ մասնակիցները պետք է հաշվի առնեն համաճարակային իրավիճակի հետևանքով Գերմանիա մուտք գործելու պահանջներն ու պայմանները։
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +374593484 հեռախոսահամարով: