Հնգօրյա վերապատրաստման ծրագրի մասնակցելու հրավեր
Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի (Հունաստան) «Էրազմուս+» գրասենյակը կազմակերպում է «Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի առաջին միջազգային շաբաթ» հնգօրյա վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի առցանց՝ մայիսի 24-28-ը։ Միջազգային շաբաթը բաց է համալսարանի բոլոր գործընկերների, և՛ ակադեմիական, և՛ վարչական աշխատակիցների համար: Աշխատակիցների մասնակցությունն անվճար է։
Մասնակիցները կծանոթանան Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանին, հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց բուհը, գաղափարներ և լավագույն փորձը՝ միաժամանակ իրականացնելով դասընթացներ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝
- «Էրազմուս+» ծրագրի 2021-2027 թթ. նոր առանձնահատկությունները և մարտահրավերները,
- եվրոպական ERASMUS + KA2 նախագծերի կազմակերպում և կառավարում,
- Covid-19-ի մարտահրավերները և կրթության ոլորտում անցում թվայնացման,
- նոր թվային գործիքներ և բաց մանկավարժություն բարձրագույն կրթության ոլորտում,
- բարձրագույն կրթության ներառական ուսումնական պլաններ,
- ժամանակի կառավարում, մոտիվացիա:
Ակադեմիական և վարչական անձնակազմը առաջին երեք օրվա ընթացքում կներկայացնի ընդհանուր ծրագիրը: Մայիսի 27-ին և 28-ին ակադեմիական և վարչական անձնակազմերը տարաբնույթ գործունեություն կծավալեն. ակադեմիական անձնակազմի համար շեշտը դրվելու է բուհերի մանկավարժական և ուսումնական ծրագրերի ձևավորման հմտությունների վրա:
Մայիսի 25-ին և 26-ին տեղի կունենան համատեղ նստաշրջաններ Պիրեյոսի համալսարանի հետ, որը հնարավորություն կտա ընդլայնելու համագործակցությունը համալսարանների միջև, ինչպես նաև ստեղծելու նոր գաղափարներ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 14-ը:
Բոլոր գործողություններում որակը և արդյունավետությունն ապահովելու համար մասնակիցների առավելագույն թիվը 80-ն է:
Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանը մասնակիցներին ընտրելու համար հաշվի կառնի հետևյալ հանգամանքները.
- աշխարհագրական հաշվեկշիռ,
- վարչական անձնակազմի և ակադեմիական ներկայացուցիչների համամասնություն:
Բոլոր դիմորդներն իրենց մասնակցության վերաբերյալ հաստատող նամակներ կստանան մինչև մայիսի 17-ը:
Վկայական կտրվի այն մասնակիցներին, որոնք ներկա են եղել միջոցառման հինգ օրերից առնվազն չորսին:
Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ։
Նախնական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից