«Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթացի հրավեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող բնակչության համար նախատեսված անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online) դասընթացները: Մասնակցության դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է: Ծրագրին կարող են մասնակցել Երևանի և մարզերի բնակիչները: «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին, կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ, կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ, կզարգացնեն ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարին լրացած այն անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:Դասընթացները կազմակերպելու և անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն է ճանաչվել:
Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:
Ծրագրի անցկացման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում: Հայտադիմումը լրացնելու և մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել հատուկ ստեղծված կայքէջ:
Տեղեկատվությունը` ՀՀ ԿԳՄՍՆ-ից: