«Բարձրագույն կրթության ոլորտում թվայնացված նորարարական ուսուցման հիմնախնդիրները և հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով

17.05.2021
Դիտումների քանակ՝ 822

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 20-ին, երևանյան ժամանակով 12։00-17։35-ը տեղի կունենա «Էրազմուս+» ծրագրի PRINTeL նախագծի դասավանդման և ուսուցման ամենամյա համաժողովը՝ «Բարձրագույն կրթության ոլորտում թվայնացված նորարարական ուսուցման հիմնախնդիրները և հեռանկարները» խորագրով։

Գրանցումն անվճար է և բաց է բարձրագույն կրթության բոլոր շահագրգիռ կողմերի համար, որոնք հետաքրքրված են նորարարական և տեխնոլոգիապես զարգացած դասավանդմամբ և ուսուցմամբ:
Գրանցվել կարող եք նախապես` հետևյալ հղումով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Օրակարգը հասանելի է այստեղ։

Համաժողովն անցկացվելու է առցանց վեբինարի ձևաչափով, որի ընթացքում առանցքային քննարկում է ծավալվելու Եվրոպական և Արևելյան գործընկերության երկրների համալսարաններում Covid-19 համավարակի ճգնաժամով պայմանավորված դասավանդման և ուսուցման փոփոխությունների վերաբերյալ։ Այն նաև հնարավորություն կտա վերլուծելու, թե վերջին մեկ տարվա ընթացքում համալսարանական կրթությանն աջակցելու, դասավանդման և ուսուցման հիմնական մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ ինչ է ձեռնարկվել:

Համաժողովը մասնակիցներին հնարավորություն կտա հանդիպելու և քննարկելու Եվրոպական և Արևելյան գործընկերության երկրների համալսարաններում դասավանդման և ուսուցման թվայնացման միտումները: Լիագումար նիստերում շնորհանդեսների և լսարանի ինտերակտիվ ներգրավվածության միջոցով կձևավորվի քննարկումների հարթակ՝ ներկայացնելով, թե համալսարանները վիրտուալ տարածքում ինչպես են իրականացնում դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև՝ դասավանդման և ուսուցման թվային վերափոխումը, ինչը Covid-19 համավարակի պայմաններում հրամայական է: