«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ը հայտարարում է ընդունելության մրցույթ

03.04.2019
Դիտումների քանակ՝ 1303

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ընդունելության մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան այն երիտասարդները, որոնք՝

  • բնակվում (հաշվառված) են ՀՀ մարզերից մեկում (առանց բացառության),
  • երազում են դառնալ երիտասարդ առաջնորդներ,
  • ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքի հանրային կյանքում,
  • պատրաստակամ են մասնակցել զարգացման և բարեփոխումների գործընթացներին,
  • նպատակադրված են ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը։

Մրցույթում ընտրված երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ-ի) մեկնարկային եռօրյա դասընթացին (ապրիլի 19-21, Աղվերան), որի ընթացքում կներկայացվեն ՏԺԴ-ի գործունեության ձևաչափը, նպատակներն ու գործառույթները, ինչպես նաև կծավալվեն հետաքրքիր թեմատիկ քննարկումներ՝ նվիրված տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հարցերին։

ՏԺԴ-ն երիտասարդներին հնարավորություն կընձեռնի նաև.

  • մասնակցել մարզերում իրականացվելիք հետագա խորացված դասընթացներին,
  • մասնակցել մարզերում ՏԺԴ-ի հետագա գործունեության կազմակերպմանը,
  • անցնել աշխատանքային պրակտիկա համայնքապետարաններում, համայնքային կազմակերպություններում, մարզպետարաններում, նախարարություններում, ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում։

Մրցույթին մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝
https://goo.gl/forms/1lsFXDClZkqgfWq03 ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։
Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺԴ-ի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։
Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 531397, 531398 հեռախոսահամարներով, գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի մասին

Դպրոցի հիմնական նպատակն է ուսուցանել և պատրաստել ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան գիտելիքներ և հմտություններ թե՛ տեղական ինքնակառավարման ոլորտում, թե՛ հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դերակատարում կունենան ՀՀ հանրային կառավարման բարեփոխումներում։