ՀՊՏՀ ուսանողները հրավիրվում են Պորտոյի համալսարանում (Պորտուգալիա) մեկ կիսամյակ սովորելու

30.10.2019
Դիտումների քանակ՝ 1966

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման ասպիրանտուրայի 1-ին, 2-րդ կամ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կուրսերում
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ըստ բուհերի միջև կնքված պայմանագրի՝ ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերի 23-ը լրացնեն առցանց հայտ տվյալ համալսարանի հարթակում՝ այցելելով հետևյալ հղմամբ:

Առցանց հայտը լրացնելու համար կարող եք օգտվել վերը նշված հղմամբ նախատեսված Guidelines for Applicants ուղեցույցից: Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պորտոյի համալսարանի կողմից նշված հղումով գրանցված և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում վերբեռնած ուսանողների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել միջազգային կապերի բաժնի էլ-փոստին:

Նշենք, որ ընտրված ուսանողները ստիպված են ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն՝ վիզայի ստացման նպատակով, քանի որ Պորտուգալիայի համար D կարգի վիզա չի տրամադրվում ՀՀ-ում: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com էլ-փոստով: