ՀՊՏՀ-ում առաջին անգամ տեղի կունենա TEDx միջոցառում

10.07.2019
Դիտումների քանակ՝ 3180

ՀՊՏՀ-ն միանում է TED հանրությանը. սեպտեմբերի 29-ին՝ նոր ուսումնական տարվան զուգընթաց, ՀՊՏՀ-ում առաջին անգամ տեղի կունենա TEDx միջոցառում: Այն անցկացվելու է TEDxASUE անվան ներքո և կրելու է «Կոտրելով սահմանները» կարգախոսը:

TEDxASUE-ն կյանքի է կոչվում TED միջազգային գրասենյակի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա և նպատակ է հետապնդում գտնել ու մասսայականացնել տարածման արժանի գաղափարներ: Առաջնորդվելով TED ծրագրի սկզբունքներով՝ TEDxASUE կազմակերպչական թիմը հրավիրում է ՀՊՏՀ ուսանողներին, աշխատակիցներին, շրջանավարտներին միանալ գաղափարների փոխանակման այս լայն հարթակին:

TED-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը զբաղվում է արժեքավոր գաղափարների տարածմամբ (կարգախոսը՝ "Ideas worth spreading")։ Գաղափարների տարածումը իրականացվում է կարճ և ազդեցիկ ելույթների միջոցով։

  • TED-ն առաջին անգամ անցկացվել է 1984 թ.-ին որպես տեխնոլոգիաների (technology T), զվարճանքների (entertainment E) և դիզայնի (design D) մասին կոնֆերանս, իսկ այսօր այն իր մեջ ներառում է գոյություն ունեցող գրեթե բոլոր թեմաները՝ ավելի քան 100 լեզուներով։
  • TED-ը միջազգային հարթակ է, որտեղ ողջունում են բոլոր նրանց, ովքեր աշխարհն ավելի խորը հասկանալու և, իհարկե, իրենց փորձառությունը աշխարհի հետ կիսելու ձգտում ունեն։
  • TED հանրությունը հավատում է գաղափարի ուժին. այն կարող է փոխել վերաբերմունքը, կյանքը և ի վերջո՝ աշխարհը։
  • TED-ը ներառում է TED Audacious project-ի կողմից իրականացվող ծրագրերը, TED ելույթները, TED թարգմանիչների հանրությունը, TED և TEDx կոնֆերանսները, TED-ED դասընթացների շարքը, որոնցից յուրաքանչյուրն ուղղված են մեկ մեծ նպատակի՝ տարածել արժեքավոր գաղափարները։

TEDxASUE-ն այս ամենի կրողն է, և դուք նույնպես կարող եք այս միջոցառման մի մասը դառնալ ՝ հետևելով ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվող թարմացումներին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: