Մրցույթի հայտարարություն. ՀՊՏՀ-ն հրավիրում է որակի ապահովման փորձագետների

03.10.2018
Դիտումների քանակ՝ 1129

ՀՊՏՀ որակի ապահովման բաժինը տրամադրել է սույն հայտարարությունը՝ որակի ապահովման փորձագետների մրցույթ հայտարարելու մասին: Մանրամասները՝ ստորև:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ուսումնական գործընթացի որակի ապահովման նպատակով ձևավորում է մասնագիտական ծառայություններ մատուցող փորձագիտական խումբ։

II. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ

Փորձագիտական խմբի գործունեության շրջանակն ընդգրկելու է՝
1. կրթական ծրագրերի մշակման գործընթացում խորհրդատվության և մեթոդական աջակության տրամադրում,
2. մշակվող կրթական ծրագրերի կառուցվածքի և բովանդակության փորձագիտական գնահատում՝ ըստ արտաքին ու ներքին գործող չափանիշների և չափորոշիչների, կարգերի ու ընթացակարգերի,
3. ուսումնական գործընթացի (դասավանդում, ուսումնառություն և գնահատում) մշտադիտարկում և գնահատում,
4. դասընթացների իրականացման գնահատման նպատակով ուսանողական հարցումների անցկացում ՀՊՏՀ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ միասին և հարցումների արդյունքների վերլուծություն,
5. ինստիտուցիոնալ և մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման աշխատանքներին մասնակցություն ու աջակցություն՝ ըստ մասնագիտական կրթության հավատարմագրման հաստատված չափանիշների,
6. պայմանագրի գործողության ընթացքում, ըստ սահմանված ժամանակացույցի, մեթոդական փաստաթղթերի մշակում:

III. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԿԱԶՄ

7. Փորձագիտական խումբը բաղկացած է լինելու 11 անդամից, որոնցից 2-ը՝ ՀՊՏՀ ուսանողներ։
8. Փորձագիտական խումբը ձևավորվում է 1 տարի ժամկետով մրցութային կարգով։ Փորձագետների ընտրությունը կատարվելու է մրցութային հանձնաժողովի կողմից՝ թեկնածուների (հավակնորդների) ինքնակենսագրականների (CV) և նրանց հետ հարցազրույցի արդյունքների հիման վրա:
9. Փորձագետի թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին (բացառությամբ ուսանողների)`
• լինի ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչ,
• ունենա կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացների ու համակարգերի վերաբերյալ գիտելիք և փորձառություն, օրինակ, կրթական ծրագրերի մշակման, մշտադիտարկման և գնահատման (կրթության որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի վերաբերյալ գիտելիքը հավաստող հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
• կարողանա իրականացնել կիրառական հետազոտություններ և վերլուծություններ,
• տիրապետի ռազմավարական և վիճակագրական վերլուծության գործիքակազմի,
• տիրապետի առնվազն 2 օտար լեզվի՝ ներառյալ ռուսերենը:
10. Փորձագետի ուսանող թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
• ունենա կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացների ու համակարգերի վերաբերյալ գիտելիք (կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներին մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն),
• տիրապետի առնվազն 2 օտար լեզվի՝ ներառյալ ռուսերենը։

IV. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՊՏՀ-ն պարտավորվում է`
11. տրամադրել աշխատանքային համապատասխան պայմաններ,
12. վճարել մատուցված ծառայությունների դիմաց:

Փորձագետը պարտավորվում է`

13. պատշաճ իրականացնել երկրորդ բաժնում սահմանված գործողությունները,
14. կատարված բոլոր աշխատանքների վերաբերյալ կազմել հաշվետվություն և ներկայացնել ՀՊՏՀ որակի ապահովման բաժին
15. պահանջի դեպքում վերացնել անճշտությունները և թերությունները:

V. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

16. Փորձագիտական խմբի աշխատանքը սկսվելու է 2018թ. հոկտեմբերի 15-ից մեկ տարի ժամկետով։
17. Փորձագետի մատուցած ծառայությունների դիմաց պատվիրատուն կատարելու է ամենամսյա վճարում՝ համաձայն պայմանագրի գնի:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնում՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից 9-ը ներառյալ։