Կառավարման ֆակուլտետի ուսանողների համար դասախոսություն կարդաց բրիտանացի պրոֆեսորը

Դիտումների քանակ՝ 1108

Աշխատանքային գործուղման շրջանակում դեկտեմբերի 11-18-ը ՀՊՏՀ-ում է Մեծ Բրիտանիայի Սաութհամպտոն բիզնես դպրոցի և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի պրոֆեսոր Բրյուս Հերնը: Նա մեր համալսարանում հյուրընկալվել է ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի ուսանողներին դասավանդելու նպատակով: Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Խորեն Մխիթարյանի խնդրանքով բրիտանացի պրոֆեսորը այսօր դասախոսություններ կարդաց նաև կառավարման ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերում: Դասերը ֆինանսների կառավարմանն էին առնչվում, մասնավորապես, թեման էր՝ «Ֆինանսական ռազմավարության առանձնահատկություննները փոքր և միջին գործարարության ոլորտում»:

asue.am-ի հետ զրույցում Խորեն Մխիթարյանն ասաց, որ նախորդ կիսամյակներում ևս ՈւՄԵՖ-ի պրոֆեսորները, բացի ՀՊՏՀ միջազգային մագիստրոսական խմբից, դասախոսել են նաև բակալավրական կուրսերում, և նպատակը, պատեհ առիթն օգտագործելով, ուսանողներին նոր գիտելիք փոխանցելն է, նրանց բիզնես անգլերենի իմացությունը բարելավելը:

Նշենք, որ Բրյուս Հերնը ակտիվորեն համագործակցում է մեր համալսարանի հետ. նա նաև «Բանբեր ՀՊՏՀ» գիտական ամսագրի միջազգային խմբագրական խորհրդի անդամ է, ինչպես նաև, ընդգրկված է ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական խմբի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին